Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Հայկական ռեստորանների միությունը ներկայացրել է գործունեության նպատակները


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ռեստորանների միության (ՀՌՄ) մարտի 23-ին կայացած հիմնադիր ժողովի ընթացքում ներկայացվել են նորաստեղծ կառույցի գործառույթները, առաքելությունն ու գործունեության նպատակները, պետություն-ռեստորանային բիզնես փոխշահավետ համագործակցության ուղիները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՄ-ից, ներկաներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ողջունել է գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ շնորհավորելով համաժողովի մասնակիցներին և մաղթելով հաջողություն հետագա գործունեության ընթացքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանն իր խոսքում նշել է, որ այս նախաձեռնությունը պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության հիանալի հարթակ է: Ըստ նախարարի`  նման համագործակցությունը կարող է խթանել գյուղատնտեսության ինտեսիվ զարգացումը:

Իր ելույթում Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը ասել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է լինել գործընկեր, փոխադարձ հարգանքի և զիջումների ճանապարհով գտնել ամենաօպտիմալ լուծումը ոլորտի և համայնքների զարգացման համար:

Համաժողովի նախաձեռնողներից, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր ելույթում նշել է. «Ողջունում եմ ոչ միայն Միության ստղեծման գաղափարը, այլև՝ մեզ, որ մենք միասին կարողացանք լուծել մեր ոլորտի զարգացումը խաթարող լուրջ խնդիրը, կարողացանք տեր կանգնել մեր շահերին ու ապացուցել, որ այս ոլորտի զարգացումն ապահովողը մենք ենք»:

Դավիթ Երեմյանը անդրադարձել է նաև մի շարք խնդիրներ, որոնք անհետաձգելի են և կարևոր ոլորտի զարգացման տեսանկյունից՝ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաստատում, խոհարարի և մատուցողի մասնագիտությունների հեղինակության բարձրացում, սպասարկման ոլորտի բարեփոխում, տեղական արտադրողների և գյուղական համայնքների հետ համագործակցություն, հայկական խոհանոցն արտերկրում պատշաճ ներկայացնելը:

«Այս խնդիրները պետք է դառնան նպատակներ, հանձնարարականներ մեր միության համար։ Եվ մենք դրանք աստիճանաբար լուծելով, կհասնենք հաջողության շնորհիվ մեր միասնության և արդեն՝ շնորհիվ Հայաստանի ռեստորանների միության»,- ընդգծել է Դավիթ Երեմյանը:

Խոսելով կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին, համաժողովի նախաձեռնողներից  MBG Hospitality-ի օպերացիոն տնօրեն Աշոտ Բարսեղյանն ասել է. «Միությունը Հայաստանի հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին և ոլորտի պրոֆեսիոնալներին, փորձագետներին միավորող մի հարթակ է լինելու: Այն ներկայացնելու է ինչպես իր անդամների, այնպես էլ ոլորտի բոլոր ներկայացուցիչների շահերը, պարբերաբար քննարկելու ենք ոլորտի հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջև և որի շուրջ պետք է համախմբվենք միասնական և համակարգային լուծումներ գտնելու նպատակով»:

Համաժողովի նախաձեռնող խմբի նիստում բաց քվեարկությամբ ընտրվել է Հայկական ռեստորանների միության կառավարման խորհուրդը: 

Ձևավորված կառավարման խորհրդի առաջին նիստում կընտրվի նաև խորհրդի նախագահը կամ նախագահող խումբը, որը հետագայում կներկայացնի կառույցն ու վերջինիս գործնեության արդյունքները:

Ներկայացնելով ՀՌՄ սկզբունքները՝ համաժողովի  նախաձեռնողներից, «Դարգեթ» ռեստորանի  համահիմնադիր  Հովհաննես Դուրգարյանն ասել է. «Վսատհ եմ, որ այստեղ ներկաներից յուրաքանչյուրն ունի իր ներուժն ու պատրաստկամությունը աջակցելու միությանը: Խորհրդի բոլոր նիստերը բաց են և ոլորտից յուրքանչյուրը կարող է մասնակցել և ներկայցնել իր առաջարկները»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ