Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Իտալական ժամանակակից ճարտարապետության միտումները ներկայացվեցին հայաստանյան ցուցահանդեսում


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերը, որոնք  նախորդ տարի տարբեր մրցանակների են արժանացել, ներկայացվեցին Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`50 աշխատանք ընդգրկող ցուցահանդեսը բացվեց մարտի 22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Առաջին անգամը չէ, որ մեր համալսարանում հյուրընկալում ենք իտալացի գործընկերների և նշում ենք Իտալիայի դիզայնի համաշխարհային օրը: Մենք համագործակցում ենք իտալական արվեստի և ճարտարապետական մի շարք դպրոցների հետ, իրականացնում ենք կրթական, մշակութային բազմաթիվ ծրագրեր»,- նշեց համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն ասաց, որ Իտալիան և դիզայնը չափազանց մոտ են: «Ճարտարապետությունը մեր արյան մեջ է. դրա գեղեցկությունն ու կախարդանքը արտահայտվում են ակադեմիական և տեխնոլոգիական կրթության ոլորտում: Ըստ իս` դիզայնը գնում է դեպի ապագա` կառուցելով ավելի հիմնավոր հայեցակարգեր: Դիզայնը գեղեցկություն է, առօրյա է, բայց այն պետք է լինի վերարտադրելի»,-ընդգծեց դեսպանը:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Գրիշա Թամրազյանի խոսքով` ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում այս ցուցահանդեսը կարևոր նախաձեռնություն է: «Նման ցուցահանդեսները լրացուցիչ հնարավորություն են ստեղծում ուսանողների համար հաղորդակից լինել ճարտարապետության և դիզայնի ոլորտում համաշխարհային զարգացումներին»,-ասաց փոխնախարարը:

«Մենք այս ցուցահանդեսն անցկացնում ենք ամեն տարի,  և այն իրականացնում ենք  աշխարհի տարբեր ծայրերում: Երիտասարդ իտալացի ճարտարապետների աշխատանքները ցուցադրում ենք արտերկրում դրանք միջազգային հարթակում ճանաչելի դարձնելու համար»,-շեշտեց ճարտարապետ Լիվիո Սակկին:

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում են վարպետության դասեր` «Ժամանակակից ճարտարապետ, խելացի քաղաքներ և դիզայն» թեմայով: Վարպետության դասը կանցկացնեն «Studio Orizzontale»-ի ճարտարապետ Ստեֆանո Ռագացցոն և «Map studio-magnani pelzel architetti associati»-ի ճարտարապետ Ֆրանչեսկո Մանյանին:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի նախաձեռնությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ