Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դիմակավորված և զինված անձինք ներխուժել են Արմավիր քաղաքի բնակիչներից մեկի տուն. քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Դիմակավորված և զինված անձինք ներխուժել են Արմավիր քաղաքի բնակիչներից մեկի 
տուն. քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում դիմակավորված անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, որսորդական հրացանով և ատրճանակով զինված, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: 

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերև՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետև դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքնվվել են մի շարք անձինք:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակավել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ողությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]