Գործադիրը բացասական եզրակացություն տվեց անշարժ գույքի հարկի արտոնության վերաբերյալ ԲՀԿ պատգամավորների առաջարկին
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: Դրանով առաջարկվում է անշարժ գույքի հարկի արտոնություն տալ այն գյուղացիներին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ ու այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 % վնասվել են:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
«Այս գործիքը նշանակալի չէ գործնականում այն վնասների համեմատ, որոնք կարող է ունենալ գյուղացին աղետների ժամանակ: Այն կարող է առաջացնել վարչարարության խնդիրներ: Բացի այդ, գույքային հարկերի տրամաբանությունն է խաթարվում: Հատկապես խնդրահարույց է տնամերձերի հարցը, թե ով պետք է գնահատի, ինչ չափով ու ընդհանրապես, ինչու դա պետք է փոխհատուցվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին պետության կողմից աղետների պատճառով գյուղացիներին փոխհատուցման գումարներն ավելի մեծ են եղել, քան գույքահարկից ազատումներից ստացվող միջոցները
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում