Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է հայ-շվեդական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և թափանցիկության ապահովման ուղղությամբ անշրջելի են և նոր հնարավորություններ են բացում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Շվեդիայի հետ կապերը խորացնելու համար, որն օրինակելի փորձ է կուտակել այս ոլորտներում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ և պատրաստ է ընդլայնել գործակցությունը ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փիթեր Էրիքսոնը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու առիթի համար: Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, որոնք իրականացվում են ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողման և շուկայական տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև «Արևելյան գործընկերության» շրջանակում՝ որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնած երկիր:

Նիկոլ Փաշինյանը Փիթեր Էրիքսոնի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, ներառյալ՝ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուստեք միջգերատեսչական մակարդակով համատեղ աշխատել Փոխըմբռնման հուշագրի մշակման շուրջ, որում նախանշված կլինեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովեին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ