Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Մանե Ադամյանն ընդունել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղարին


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղար Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում ընդգծվել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը և առաջարկվել է հերթական նիստն անցակցնել Երևանում։

Կողմերը նշել են, որ հայ-հունական հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների հնագույն ժամանակներից եկող բարեկամության ամուր հիմքի վրա, որն էլ ավելի կամրապնդվի երկկողմ փոխայցելությունների շնորհիվ: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը տնտեսության մի շարք ոլորտներում:

Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես կապող կամրջի հնարավորությունները՝ ԵՄ-ԵԱՏՄ-ԻԻՀ-Մերձավոր Արևելք տնտեսական հարաբերությունները կազմակերպելիս, ինչպես նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների պայմանները։

Հանդիպման ավարտին, կարևորելով քննարկված թեմաները՝ կողմերը պայմանավորվել են հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել՝ միմյանց ներկայացնելով հստակ առաջարկություններ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ