Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ

Պետությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ: Փոխարենը պետությունը տարբեր քայլերի իրականացման արդյունքում կստեղծի երեխաներին իրենց ընտանիքներում ապրելու հնարավորություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Վերակազմավորման և լուծարման մասին է խոսքը: Այս պահին հստակ քանակը չեմ կարող ասել, որովհետև դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որ կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովենք: Երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց: Պետք է ամեն ինչ անենք, որ վստահ լինենք, որ հենց այդպես էլ լինելու է: Գիշերօթիկ հաստատություններում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են բնակվում: Եվ մենք պետք է այդ ռեսուրսներն ուղղենք ընտանիքներին օգնելու և համայնքում այդ ծառայությունները ստեղծելու նպատակին»,-ասաց Բաթոյանը:

Նա շեշտեց, որ գիշերօթիկ հաստատությունների ինստիտուտների փակումը պայմանավորված է մեկ բանով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նախարարը մարդու իրավունքներն ապահովելու լավագույն տարբերակը համարեց մարդու՝ համայնքում բնակվելու իրավունքն ապահովելը: Բաթոյանը նկատեց՝  Հայաստանը, ցավոք, շատ ուշացրել է սա: «Հատուկ, մասնագիտացված հաստատություններում, մասնավորապես Խարբերդի մանկատան ունենք մարդիկ, ում 18 տարին լրացել է, սակայն դեռ ապրում են այնտեղ, քանի որ գնալու տեղ չունեն: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք հնարավորինս շուտ այդ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար՝ կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, կամ կենսաբանական ընտանիքին աջակցություն տրամադրելու միջոցով»,-ասաց Բաթոյանը:

Նրա կարծիքով՝ դա հեշտ գործ չէ, սակայն դրա համար պետք է քաղաքական կամք, որն իրենք ունեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]