Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Օլիմպավան»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով տուժողը պնդում է, որ իրեն Էդուարդ Բաբայանը ծեծի չի ենթարկել  

«Օլիմպավան»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով տուժողը պնդում է, որ իրեն 
Էդուարդ Բաբայանը ծեծի չի ենթարկել

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի գործով առաջին դատական նիստը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում դատական նիստից առաջ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ․ հուլիս 2-ին Երևան քաղաքի Միկոյան փողոցի, 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։

 Նա նշեց, որ ինքը գտնվել է «Օլիմպավան»-ի տարածքում, սակայն հանդիպումների դահլիճում չի եղել, որտեղ, ըստ քրեական գործի նյութի, ծեծի է ենթարկվել Վյաչեսլավ Հարությունովը:

«Ես այնտեղ եղել եմ, բայց դահլիճում չեմ եղել, որտեղ ժողով է ընթացել, ես դուրսն եմ գտնվել: Չեմ մասնակցել ոչ ծեծկռտուքին, ոչ գտնվել եմ այդ դահլիճում: Հետո ես պարոն Ծառուկյանի հետ բարձրացել եմ վերևի հարկ,  նա ընդունել էր երկու մարդու: Այդ հանդիպումները տևել են մոտ մեկ ժամ»,- ասաց Բաբայանը:

Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովն էլ պնդեց, թե Բաբայանն իրեն ծեծի չի ենթարկել:

«Պարոն Ծառուկյանը և Էդուարդ Բաբայանը այնտեղ ֆիզիկապես չեն եղել: Մեր միջև որևէ  վիճաբանություն չի եղել, մենք հարազատ մարդիկ ենք, իսկ եթե մեր հարաբերությունների մեջ ինչ-որ մեկը ցանկանում է սեպ խրել, համոզված եղեք՝ չի ստացվի»,- ասաց Հարությունովն ու հավելեց, որ դատարանը կպարզի, թե ով է գործով նման ցուցմունք տվել, ինքը Բաբայանի դեմ ցուցմունք չի տվել:

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Նրան սպառնում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` 2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավան»-ում, որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի հետեւանքով Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ 

Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել, եւ որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել:

2018 թվականի հուլիսի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել և Է. Բաբայանը կալանավորվել է: Այնուհետև Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]