Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Արցախի ներկայիս կարգավիճակն արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը. Արցախի ԱԺ-ի ուժերի հայտարարությունը

Արցախի ներկայիս կարգավիճակն արտահայտում է հեռանկարում միասնական 
հայկական պետություն ունենալու վճռականությունը. Արցախի ԱԺ-ի ուժերի 
հայտարարությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահի ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հայտարարությունը. 

«Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը:

1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության և Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ:  

Պետական շինարարության գործընթացում մեր նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները և առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու և անհարկի շահարկումներ են:

Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝

պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը և ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը,

կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից»:

 

  1. «Ազատ Հայրենիք» կուսակցություն
  2. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  3. ՀՅԴ Արցախի ԿԿ







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]