1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գեղամասար խոշորացված համայնքում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գեղամասար խոշորացված համայնքում


ԳԱՎԱՌ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը աշխատանքային այց կատարեց Գեղամասար խոշորացված համայնք, որի ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների, Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ քննարկեց մի շարք աշխատանքային ու հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մինչ հանդիպման մեկնարկը դպրոցի տնօրեն Աշոտ Բարսեղյանը ներկայացրեց խնդիրներ՝ կապված դպրոցի ջրամատակարարման ու ջրահեռացման, մարզադահլիճի հատակի նորոգման հետ: Մարզպետը տեղում հանձնարարեց՝ դպրոցի տնտեսված միջոցների հաշվին ձեռնարկել պահանջվող քայլեր:
«Դուք ձեր գործն անում եք նվիրումով ու պատվով: Անշուշտ, թե՛ շենքային պայմանները, թե՛ ձեզ վճարվող աշխատավարձը բավարար չեն, սակայն մենք կփորձենք քայլ առ քայլ կարգավորել այդ հարցերը, ինչպես, օրինակ, աշխատավարձի 10 տոկոսի բարձրացումն էր ձեր հիմնարկում»,- մանկավարժներին դիմեց Գնել Սանոսյանը: Ապա մարզպետը հանդիպման մասնակիցներին հորդորեց աշխատանքներին մոտենալ բարձր պատասխանատվությամբ, ոչ մի կերպ չթերանալ տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ լուծում տրվի համայնքի բնակավայրերում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին: «Գեղամասար համայնքի բնակավայրերում գրեթե չկա մի հողատարածք, որը չմշակվի: Սակայն այստեղ մենք գործ ունենք ամենաանպարտաճանաչ հողի հարկ վճարողների հետ: Ստիպված եմ զգուշացնել, որ հարկային պարտավորություններից խուսափող անձանց այս գարնանը կարգելվի հողի մշակությամբ զբաղվել՝ մինչեւ որ նրանք չմարեն կուտակված պարտքերը: Ավելին, նրանք կզրկվեն վարձակալի իրենց իրավունքներից: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հողն անմշակ չեն թողնում, բերք ու բարիք են արտադրում այս երկրի համար, սակայն նրանք պետք է կատարեն նաեւ իրենց հարկային պարտավորությունները, որպեսզի համայնքն էլ իր հերթին հնարավորություն ունենա ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել կառավարություն, բավարար միջոցներ գտնի ճանապարհների, ջրատարների, մանկապարտեզների, դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման համար: Նման արդյունքները հուշում են, որ թե՛ աշխատակազմում, թե՛ բնակավայրերի վարչական ղեկավարների կազմում ոմանք չեն տիրապետում իրավիճակին: Նման դեպքում հրատապ պետք է դրվի կադրային փոփոխությունների խնդիրը»,-նշեց Գնել Սանոսյանը:
Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր հերթին նշեց, որ այս գարնանը կլուծվեն բոլոր այն վարձակալական պայմանագրերը, որոնց իրավատերերը խուսափում են օրենքով սահմանված կարգով վարձավճարներ մուծելուց:
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց համայնքի բնակիչներին հուզող բազմաբնույթ հարցերին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]