Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Ապրիլ

Նախարարությունն ամփոփում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի համատեղ ջանքերով 2017-2018 թվականներին Երևանի 4 բժշկական կազմակերպությունում իրականցվել է հակամանրէային դեղերի (ՀՄԴ) նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այն նպատակ ունի հավաքագրելու արյան վարակի հիմնական դեղակայուն  հարուցիչների վերաբերյալ տեղեկատվություն,  բարելավելու բուժանձանակազմի` արյան նմուշառման հմտությունների, ինչպես նաև բուժման ընթացքում մանրէաբանական հետազոտության արդյունքների պատշաճ օգտագործման կարողությունները,  զարգացնելու բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի` տարբեր տեսակի մանրէների հայտնաբերման և ՀՄԴ–ի նկատմամբ զգայունության որոշման կարողությունները, ձևավորելու ՀՄԴ-ի կայունության հսկողության ազգային համաճարակաբանական հսկողության համակարգ:

Հետազոտության  արդյունքները գնահատելու և հետագա քայլերը քննարկելու նպատակով 3-օրյա այցով Հայաստան են ժամանել  միջազգային փորձագետներ:

Ողջունելով հետազոտության ազգային թիմի և ծրագրին մասնակցող հիվանդանոցների ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ու ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը աշխատանքային հանդիպման ժամանակ և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետազոտության արդյունքները, ծագած խնդիրները և  ծրագրի շարունակության ապահովման  հարցերը:

Հաջորդիվ կայացել է հետազոտության ծրագրի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որի ընթացքում  ներկայացվել են ՀՄԴ ռազմավարական ծրագիրը, վարակի հսկողության սկզբունքները, ինչպես նաև  հետազոտության նախնական  տվյալները:

Միջազգային և ազգային թիմի ներկայացուցիչները քննարկել են հետազոտության նախնական արդյունքների գնահատման գործընթացը և հետագա քայլերը: Արդյունքների վերաբերյալ զեկույցը մշակման փուլում է և նախատեսվում է հրապարակել 2019 թվականի ընթացքում:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ