Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին

Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական 
անձնակազմին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արարատի մարզպետարանից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։ 

Արարատի մարզպետը լսեց դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, վստահեցրեց՝ Ավշարի դպրոցում տեղի ունեցող գործընթացի մասին առաջին իսկ օրվանից զեկուցվել է իրեն, այն իր ուշադրության կենտրոնում է։ Նա խնդրեց առաջացած խնդիները չտանել բամբասանքի դաշտ, այլ խոսել օրինական հիմքերով։ 

Դպրոցի ուսուցիչները միաձայն պնդեցին՝ իրավական հիմք չունի իրենց բողոքը, ներկա տնօրեն Հերմինե Անդրեասյանը վիրավորել է իրենց՝ որպես մանկավարժ։ Նրանց խոսքով՝ ի սկզբանե տնօրենի հետ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս փորձել է աշխատանքից ազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձանագրեց՝ ո՛չ Գայանե Մարտիրոսյանը, ո՛չ դպրոցից որևէ այլ ուսուցիչ առանց հիմքի ազատված չէ, և չի էլ կարող կամայական սկզբունքով ազատումներ լինել։

«Յուրաքանչյուր ոք այստեղ պաշտպանված է, բոլորն օրենքի առաջ հավասար են։ Որևէ մեկը կամայական սկզբունքով չի ազատվել և չի ազատվելու դպրոցից, ես դրա երաշխավորն եմ»,- իր խոսքում ասաց Գարիկ Սարգսյանը։

Անդրադառնալով մամուլով շրջանառվող այն խոսակցություններին, թե դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, մարզպետ Սարգսյանը ևս մեկ անգամ հերքեց՝ ազգակցական որևէ կապ չունի վերջինիս հետ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հերմինե Անդրեասյանը ցանկացել է դպրոցի փոխտնօրեն դարձնել իր մտերիմ ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին, ով մարզպետ Սարգսյանի մորաքրոջ հարսն է, ապա այս առիթով մարզպետը նշեց, որ Աստղիկ Հարությունյանը մարզի մեկ այլ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իր կողմից նրան փոխտնօրեն նշանակելու որևէ կարգադրություն չի եղել։

«Երբեք չէի չարաշահի իմ պաշտոնեական դիրքն ու չէի անտեսի երկրի օրենքները։ Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը կամայական սկզբունքով չի ազատվի դպրոցից»,- շեշտեց մարզպետը։

Գարիկ Սարգսյանը նաև ընդգծեց՝ որևէ մեկը չի ուղղորդել նաև դպրոցի տնօրենի ընտրությունները, ինչը հաստատեցին նաև դպրոցական խորհրդից ընտրություններին մասնակից մանկավարժները։

Վերջինս ևս մեկ անգամ կոչ արեց՝ րոպե առաջ վերադառնալ դպրոց, շարունակել դասապրոցեսը, չխախտել երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը։

«Մարզպետը չի կարող որոշել՝ տնօրենն աշխատում է, թե՝ ոչ։ Եթե տնօրենը թերանա իր աշխատանքում, ապա կստանա համապատասխան նկատողություն։ Ես չեմ կարող նաև ստիպել, որ դպրոցի տնօրենն ազատման դիմում գրի»,- իր խոսքում ասաց մարզպետը։

Մարզպետ Սարգսյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ն ուսուցիչներ, որոնք հավակնում են դառնալ դպրոցի տնօրեն, քանի որ խոսակցություններ կան, որ ուսուցչական կազմն ունի իր թեկնածուին։ Ուսուցիչները միաբերեն նշեցին՝ որևէ մեկը չի ցանկացել և չի ցանկանում հայտնվել դպրոցի տնօրենի աթոռին, իրենք պարզապես Հերմինե Անդրեասյանի հետ աշխատելու ցանկություն չունեն։

Դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն էլ, արձագանքելով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, պահանջեց հարգել իրեն որպես մարդ, չարատավորել իր անունը, տարիների ընթացքում ձեռք բերված մանկավարժի բարձր համբավը։

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ իր հերթին ևս խորհուրդ տվեց անցնել աշխատանքի, վերականգնել դպրոցի բնականոն աշխատանքը, քանի որ երեխաներն արդեն բավականին դասաժամ են բաց թողել։

«Ո՞վ է իրավունք տվել խախտել երեխայի՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Անձնակազմի ներքին խնդիրներ են, որոնք պետք է լուծել միայն դպրոցի ներսում, որից երբեք չպետք է տուժեն երեխաները։ Մեկ օրվա աշխատած տնօրենի աշխատանքը, զարմանալի է, որ գնահատում եք։ Եկեք գնահատական չտանք, թույլ տանք՝ աշխատի տնօրենը»,- ասաց Աշոտ Արշակյանը։

Ինչ վերաբերում է դպրոցում ոստիկանների ներկայությանը, ապա ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը մեկնաբանեց, որ ոստիկանությունը դպրոցում ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրից այնտեղ ունեցել է իր ներկայացուցիչներին, քանի որ ոստիկանների պարտքն է պաշտպանել հասարակական կարգը։

Նշվում է, որ պրոցում եղել են նաև մարդիկ, որոնք դպրոցի տնօրենի հասցեին հայհոյախառն արտահայտություններ են արել։ Նրանք դպրոցի հետ որևէ կապ չեն ունեցել՝ ո՛չ ուսուցիչ են եղել, ո՛չ էլ ծնող։ Տնօրենի բողոքի հիման վրա՝ նրանք հրավիրվել էին ոստիկանություն՝ բացատրություն տալու։

Դպրոցի ուսուցիչները հեռացան մարզպետարանից՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում հետ կանգնել իրենց որոշումից և աշխատել Հերմինե Անդրեասյանի հետ։

Քննարկման մասին կզեկուկցվի նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Մարզպետարանն ու ՀՀ ԿԳՆ-ն կփորձեն, որքան հնարավոր է շուտ, համատեղ լուծումներ գտնել։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]