Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Կարճաղբյուրում գործող Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Կարճաղբյուրում գործող Սեւանի իշխանի 
մանրաձկան արտադրության գործարան


ԳԱՎԱՌ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Կարճաղբյուրում գործող Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գնել Սանոսյանը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, Սեւանի էնդեմ ձկնատեսակների վերարտադրության եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներին:
Ինչպես ներկայացրեց Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, գործարանում բուծվում է Սեւանի էնդեմ ձկնատեսակներից երկուսը՝ գեղարքունին եւ ամառային իշխանը: Գործարանի տարեկան թողունակությունը կազմում է 3 միլիոն մանրաձուկ, որի 20 տոկոսը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կանոնադրության համաձայն, բաց է թողնվում Սեւանա լիճ, իսկ մնացած մասը տեղափոխվում է Սեւանա լճում տեղադրված ցանցավանդակային տնտեսություններ՝ աճեցման նպատակով: Մարզպետը շրջեց փակ ցիկլով աշխատող գործարանում, ծանոթացավ մանրաձկան արտադրության ու պահպանման հետ կապված գործընթացներին, կազմակերպության ծրագրերին ու առաջիկա անելիքներին, զրուցեց ձկնաբույծների հետ:
«Սեւանի իշխանի պաշարների պահպանության եւ վերարտադրության եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որը ՀՀ կառավարության կողմից գործողության մեջ է դրվել 2014 թվականին, հիմնականում ընթանում է ընթացակարգերին համապատասխան: 2018 թվականի արտադրական ցիկլում ստացել ենք շուրջ 570 հազար հատ գեղարքունի եւ 120 հազար 800 հատ ամառային տեսակի իշխանի 1 տարեկան մանրաձուկ, որոնք, 40-150 գ քաշով տեղափոխվելու են Սեւանա լճում տեղադրված ցանցավանդակային տնտեսություններ, որոնք գործում են «Սեւան-Ակվա» ձեռնարկության ենթակայությամբ: Իսկ մեր գործարանի եւ ցանցավանդակային տնտեսության սեփականության իրավունքը պատկանում է «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին», որն իր հերթին հաշվետու է պետությանը: Իր գործունեության ընթացքում հիմնադրամի կողմից աճեցվել ու Սեւանա լիճ կամ Սեւան թափվող գետեր է բաց թողնվել 1 միլիոն 500 հազար հատ իշխանի մանրաձուկ: Հիմնադրամը ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը համարում է Սեւանի էնդեմ ձկնատեսակների բնական վերարտադրության կազմակերպումը, որը պետք է զուգակցվի արհեստական վերարտադրությանը: Դրա համար այժմ կազմակերպությունը փորձնական քայլեր է իրականացնում Սեւան թափվող մի շարք գետերում: Գործընթացը կարող է հաջողված ստացվել, եթե համատեղ ուժերով կարողանանք ապահովել գետային ավազանների պահպանությունը»,-ընդգծեց տնօրենը:
Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը ծրագրի հետագա ընթացքին, ոլորտում առկա որոշակի խնդիրների կարգավորմանը:
«Անչափ կարեւոր ու պահանջված եմ համարում արդի չափորոշիչներին համապատասխան ու նման հզորության ձկնաբուծական այս գործարանի աշխատանքը, որն ապահովում է Սեւանի էնդեմ ձկնատեսակների պահպանությունն ու վերարտադրությունը, լուծում բնապահպանական որոշակի խնդիրներ, կարգավորում պարենային անվտանգությունը, ստեղծում հարյուրավոր կայուն աշխատատեղեր: Ես հույս ունեմ, որ այս հիմնարկում ընթացող կառուցվածքային փոփոխությունները կհանգեցնեն դրական արդյունքների, իսկ մենք կլինենք աջակիցները այս կենսական կարեւոր ծրագրի հետագա հաջող ընթացքի»,- նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]