1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երեխաների զարգացման ու խնամքի հետ կապված բոլոր հարցերը՝ մեկ հարթակում. կանցկացվի «Լույսի մոլորակ» կոնֆերանս-ցուցահանդեսը

Երեխաների զարգացման ու խնամքի հետ կապված բոլոր հարցերը՝ մեկ հարթակում. 
կանցկացվի «Լույսի մոլորակ» կոնֆերանս-ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների զարգացման ու խնամքի հետ կապված բոլոր հարցերը՝ մեկ հարթակում. «Երևան էքսպո» կենտրոնում կանցկացվի «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, «Վորլդ Վիժն»-ի մասնակցությամբ:

Եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը նշեց, որ կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների համար:

«Մեր միջոցառումը տարբերվում է սովորական կոնֆերանսներից: Այն լինելու է միջավայր, որտեղ ծնողները, երեխաները, մասնագետները ինտերակտիվ ձևով կշփվեն, առաջին ձեռքից մասնագիտական խորհրդատվություն կստանան, կտիրապետեն ճիշտ և հավաստի ինֆորմացիային՝ կապված երեխաների ու ծնողների առողջության հետ»,-ասաց Մարիաննա Գալստյանը:

Միջոցառման մի ամբողջ հատված տրամադրվելու է այսօր Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոնների գործունեության ներկայացմանը: Քննարկվելու են ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների մասին հարցեր և այլ թեմաներ:

«Իմ Քայլը» հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը նշեց, որ միջոցառումը բավական հագեցած ծրագիր ունի, այն իր մեջ ներառում է կարևոր տեղեկատվական ու կրթական բաղադրիչ:

«Երեխայի դաստիարակության, խնամքի, զարգացման վերաբերյալ տեղեկատվությունը, թվում է, թե համացանցի ժամանակաշրջանում բավական շատ է, սակայն փորձ է ցույց է տալիս, որ մեր ծնողները հավաստի ինֆորմացիայի կարիք ունեն: Ահա այս միջոցառումը հարթակ է, որտեղ ծնողները կարող են հենց մասնագետներից իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ»,-ասաց Գայանե Ղազարյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշեց, որ արդեն 20 տարի է աշխատում են Հայաստանում՝ նպատակ ունենալով նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր հղիություն կլինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ կլինի անվտանգ և ապահով, յուրաքանչյուր դեռահաս, երիտասարդ կկարողանա իր ներուժը, տաղանդն ամբողջությամբ օգտագործել:

«Մեր ուշադրության կենտրոնում տարիներ շարունակ եղել են հղիության, հետծննդյան, առողջ մայրության, երեխաների դաստիարակության հիմնախնդիրները: Շատ ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում, որպեսզի տեղեկատվությունը, խորհրդատվությունը ստանանք մասնագետներից, ինչպես նաև լավ ժամանակ անցկացնենք»,-ասաց Ծովինար Հարությունյանը: Նա նշեց, որ ճիշտ կլիներ նման միջոցառումներն անցկացվեն նաև մարզերում:  

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ծնողները խնդրի առաջ են կանգնում, երբ երեխայի խնամքին, սննդին, դաստիարակությանը վերաբերող հարցերի վերաբերյալ փորձում են հայալեզու վստահելի աղբյուր գտնել:

« ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն աշխատում է տարբեր գերատեսչությունների հետ, որպեսզի այս խնդրին ինչ-որ չափով լուծում տրվի: Այս միջոցառումը կարևոր է, որովհետև մասնագետները հասանելի են լինելու, շփվելու են ծնողների հետ, առանձին թեմաներով քննարկումներ են անցկացնելու, անհատական հարցերին են պատասխանելու»,-ասաց  Զառա Սարգսյանը:

Միջոցառումը նախատեսված է մարտի 23-ին, ժամը 10:00-19:00-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]