Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մխիթարյան հրատարակչատունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանությանը վերաբերող հոդվածների ժողովածուներ

Մխիթարյան հրատարակչատունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանությանը վերաբերող 
հոդվածների ժողովածուներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան մամուլում, մասնավորապես, The New York Times-ի էջերում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված ժողովածուներում զետեղվել են նյութեր, որոնք անդրադառնում են Համիդյան, Ադանայի ջարդերին, դրանց հետևանքներին: Ընդգրկվել են նաև թուրք դեսպանների, հյուպատոսների հոդվածները և դրանց տրված պատասխանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում՝ «Նյու Յորք Թայմս»): Դրանք  կազմել և խմբագրել են Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։

Լրագրողները հեղինակներին հանդիպելու և նրանց հետ զրուցելու հնարավորություն ունեցան մարտի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Գրքում տեղեկություններ կան նաև այն  օտարազգի և հայ մարդկանց մասին, որոնք դրամական կամ այլ աջակցություն են ցույց տվել հայ որբերին, դպրոցներին` հոգալով նրանց կարիքները, իսկ թուրք դեսպանների,  հյուպատոսների գրառումները, որոնք տեղ են գտել տարբեր հոդվածներում շատ են հակասում նախճիրը վերապրածների  գրառումներին: Նույն քաղաքականությունն է. ոչինչ չի փոխվել: Նրանք այն ժամանակ էլ փորձել են արդարացնել իրենց` պնդելով, որ մեղավորը հայերն են: Հոլոքոստից հետո Հայոց ցեղասպանության հարցը ամենաշատն է ուսումնասիրված աշխարհում: Հազարավոր մենագրություններ կան այդ մասին: Ես հավակնություն չունեմ ասելու, թե այս կամ այն հոդվածը, տեղեկությունը որքանով է նոր. դա պետք է որոշեն պատմաբաններն ու մասնագետները: Կարևորն այն է, որ ներկայացված են  հարյուրավոր հոդվածներ, որոնց վերնագրերը,  խորագրերը միայն բացատրում են, որ իսկապես մտադրված ցեղասպանություն է տեղի ունեցել»,-ընդգծեց Արա Քեթիբյանը։

Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանն ասաց, որ իր գործընկերոջ հետ վաղուց է ծանոթ. նա մոտ 9 տարի միաբանությունում աշակերտ է եղել: «Արան  խրախուսեց ինձ այս աշխատանքը սկսելու հարցում: Իմանալով նրա կարողություններն ու լրջությունը, անցյալի ուսումնասիրության վերաբերյալ ունեցած  պատրաստակամությունը` վստահություն ապրեցի: Ընթացքում ես հանդիպեցի Վիգեն Բաբկենյանին, որը շատ հրապարակումներ է նվիրել Հայոց ցեղասպանությանը: Բախտ ունեցա այս երիտասարդի տուն գնալ, և նա ինձ ցույց տվեց հոդվածների մի ամբողջ հավաքածու: Իր ունեցածը  սիրահոժար նվիրեց մեզ, ես էլ որոշ բաներ ունեի ու սկսեցի կուտակված նյութի հիման վրա աշխատել: Հոդվածները հավաքելը շատ դժվար աշխատանք էր, այս բոլոր նյութերը «օդից» չեկան: Մենք սկսեցինք մեկ-մեկ պրպտել: Բախվեցինք շատ դժվարությունների. որոշ հոդվածներ ստիպված եղանք նաև գնել: Բանալի բառերով գտանք հայերի մասին գրված բոլոր հրապարակումները»,-պատմեց նա:

Հավաքածուի հրատարակմանն աջակցել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, որի հիմնադիր, գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց` գիրքն աշխարհին ցույց է տալիս, որ մենք ունենք համապատասխան փաստաթղթեր, որոնք մեր վկաներն են, դեսպանները և ներկայացնում են, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել, ինչ դաժանությունների, վայրագությունների ենք ենթարկվել: «Այս գիրքն ընթերցելով հնարավոր է` գիտակից մարդը, քաղաքակիրթ աշխարհը հասկանա, որ պետք է սթափվել և թույլ չտալ, որ նման վայրագություններ տեղի ունենան այլ ազգերի հետ»,-շեշտեց Յիրիկյանը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան մամուլում մասնավորապես «Նյու-Յորք Թայմսում» հրատարակված հոդվածների երկհատորյա ժողովածուների կազմման գործում ունեցած ավանդի համար Մխիթարյան միաբանության միաբան հայ Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և գրականագետ, ավստրալահայ հետազոտող Արա Քեթիբյանը պարգևատրվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]