Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անհամաչափ մրցակցությունից մինչև կորուստներ. գրավատների աշխատակիցները ներկայացնում են պետական տուրքի բարձրացման հնարավոր արդյունքները

Անհամաչափ մրցակցությունից մինչև կորուստներ. գրավատների աշխատակիցները 
ներկայացնում են պետական տուրքի բարձրացման հնարավոր արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչները, դիլերները դժգոհում են պետական տուրքի նախատեսվող բարձրացումից: Նրանք կարծում են, որ դրա արդյունքում անհամաչափ մրցակցություն կսկսվի իրենց ու բանկերի միջև, բացի այդ՝ իրենք զգալի կորուստներ կունենան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացուցիչները նման տեսակետ հայտնեցին մարտի 20-ին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած աշխատանքային քննարկմանը:

«Առաջարկվող փոփոխություններով վարկային կազմակերպություններից գանձվող պետական տուրքն առաջարկվում է 500 հազար դրամից դարձնել 3 մլն դրամ, վճարահաշվարկային ընկերություններից գանձվող տուրքը 250 հազար դրամից դարձնել 1 մլն դրամ: Իսկ վարկային բյուրոների տուրքը՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 1 մլն դրամ: Բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դառնալու է 7 մլն դրամ: Գրավատների պետական տուրքը 100 հազար դրամից բարձրանալու է 6 մլն դրամի, փոխանակման կետերինը՝ 50 հազար դրամից՝ 3 մլն դրամի, իսկ փոխանակման դիլերներից գանձվող պետական տուրքը 100 հազար դրամի փոխարեն դառնալու է 3 մլն դրամ»,-ներկայացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանի կարծիքով՝ փոխանակման կետերի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելուց հետո դրանք չեն կարողանալու համարժեք մրցակցել բանկերի հետ: «Բանկի մասնաճյուղն ունի 15 և ավելի գործառույթներ և բոլոր գործառույթներից եկամուտ է ստանում: Սակայն առաջարկվող փոփոխություններով բանկի մասնաճյուղի պետական տուրքը սահմանվել է 350 հազար դրամ։ Իսկ փոխանակման կետը, որը բանկային գործառույթներից միայն մեկն է իրականացնում, վճարելու է 3 մլն դրամ տուրք: Հավասար մրցակցություն չի լինում»,-նշեց նա ու հավելեց՝ երկխոսության արդյունքում հնարավոր է համապատասխան չափ գտնել:

Գրավատներից մեկի ներկայացուցիչ Աշոտ Մխեյանը ներկայացրեց, որ իրենց գրավատան պորտֆելը համարվում է փոքր, առավելագույն 20 մլն դրամ է կազմում: Եվ այդ պարագայում 6 մլն դրամ լիցենզիայի գումարն աբսուրդային է համարում։ «Մենք գործում ենք Արարատի մարզում, այնտեղ վարկային գումարներն ավելի փոքր են, և չվճարողներն էլ՝ շատ: Եվ օրեր առաջ ԿԲ-ից ստացել ենք նամակ, որով տույժերի դրույքաչափը 0.3-ից դառնում է 0.13: Տույժերով հավելյալ եկամուտ էինք կարողանում ստանալ, դա ևս նվազեցնում է մեր եկամուտը»,-ասաց նա։

Գրավատնային գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն Մհեր Գևորգյանի կարծիքով՝ պետական տուրքի բարձրացումը մշակել են շատ անհամաչափ ու անարդար: Նրա կարծիքով՝ պետական տուրքը պարտադիր նպատակային վճար է՝ պետության կողմից որոշակի ծառայություններ ստանալու համար: «Այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե այդ ծառայությունների ինքնարժեքը որքան է բարձրացել, որ փոքր ընկերությունների տուրքը 60  անգամ ավելացել է»,- ասաց ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ նման բարձրացում անելուց առաջ պետք էր հանրային լսումներ կազմակերպել, շուկան ուսումնասիրել:

Պատգամավոր Հայկ Գևորգյանը նշեց, որ գրավատների, փոխանակման կետերի ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն անպայման կքննարկեն Ֆինանսների նախարարության, հնարավորության դեպքում նաև Կենտրոնական բանկի հետ՝ հասկանալու նրանց մոտեցումները:

Պետական տուրքի բարձրացումը նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]