Երևանում քննարկել են ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին մարտի 20-ին քննարկում են ծավալել ոլորտի մասնագետներն ու փորձագետները; «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:
Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանի հավաստմամբ` Հայաստանի ատոմային էներգետիկայի առանցքային նախագծերից է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգումը: «Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները: Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ»,-նշեց նա՝ հավելելով, որ 2019 թվականին նախատեսվում է երկրորդ տուրբոգեներատորի տեղադրման աշխատանքները: Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ:
Քննարկման մասնակիցները կարևորել են ԱԷԿ-ին փոխարինող հզորությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա աշխատած միջուկային վառելիքի ծավալների նվազեցման հնարավորությունները, ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում