Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում, Անի և Արթիկ համանքներում բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում տեղադրվել են տեսաձայնագրող սարքեր

Գյումրիում, Անի և Արթիկ համանքներում բնակարանային գողության դեմ պայքարի 
համատեքստում տեղադրվել են տեսաձայնագրող սարքեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին, քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության տարածքային ստորաբաժանումներին տրվել էին այս հանցատեսակի կանխարգելմանը, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ այս համատեքստում ամենասերտ գործակցությունը ծավալելուն և նման հանցագործության դեպքերով քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:

Ի կատարումն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությունների՝ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից այս ընթացքում նախաձեռնվում են լոկալ խորհրդակցություններ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, նախաքննական մարմինների, քաղաքային և գյուղական ՏԻՄ-երի ղեկավարների ներգրավմամբ: Դրանց ընթացքում, ըստ դատախազության նախաձեռնությամբ իրականացվող բնակարանային գողությունների համար առավել խոցելի, ռիսկային գոտիների քարտեզագրման, որոշվում են դրված խնդիրը համատեղ ուժերով լուծելուն միտված գործողությունների պլանները, նախանշվում ակնկալվող միջնաժամկետ արդյունքները: Այդ աշխատանքները ներառում են համապատասխան գույքագրում և անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկում իրականացնելուց հետո քայլ առ քայլ բազմաբնակարան շենքերում էլեկտրոնային փականներով դռներ տեղադրելը, շենքերի, առանձնատների հարակից տարածքները լուսավորությամբ ապահովելը, բազմաբնակարան շենքերի մուտքերում, ինչպես նաև բնակավայրերի ճանապարհների ելքային և մուտքային հատվածներում, հանգուցային կետերում տեսանկարահանող սարքեր տեղակայելը: Բացի այդ, խնդիր է դրվում ուժեղացնել պարեկային ծառայությունների աշխատանքը հաճախակի բնակարանային գողերի թիրախ դարձող շրջաններում, արձանագրված դեպքերով քննությունների շրջանակներում իրականացնել օպերատիվ-հետախուզական, անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու, հանցագործների, նրանց հետ գործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հանցագործության կանխարգելման գործընթացն արդեն սկսում է գործնական դրսևորումներ ունենալ: Մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՀՀ Շիրակի մարզպետարանում այս ամսվա սկզբին կազմակերպված խորհրդակցությունից հետո ոստիկանության Շիրակի մարզային վարչության, համապատասխան համայնքապետարանների համագործակցության արդյունքում Արթիկ և Անի համայնքների տարածքում տեղադրվել են երկուական, իսկ Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ հինգ տեսախցիկներ:

Նման տեխնիկական սարքեր արդեն տեղադրվել են նաև Լոռու մարզի բնակավայրերում՝ Լոռու մարզի դատախազության ավելի վաղ նախաձեռնության արդյունքում: Նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև հանրապետության այլ բնակավայրերում, որոնց արդյունքների մասին հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Բնակարանային գողությունների դեմ պայքարի խնդիրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրության կենտրոնում: Նրան պարբերաբար զեկուցվում է իրականացված աշխատանքների մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]