Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է ՀՀ 
կառավարության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցությունը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կզարգանա և կընդլայնվի: Անդրադառնալով ՀՀ վարչապետի վերջերս Բրյուսել կատարած այցին՝ փոխվարչապետը կարևորել է ձեռքբերված պայմանավորվածությունների ուղղությամբ համատեղ շարունակական աշխատանքների իրականացումը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնահերթությունները և շեշտել, որ դրանք համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ համաձայնագիրը ոչ միայն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ է, այլ Հայաստանի բարեփոխումների օրակարգ, որի շուրջ պետք է մշակվեն նաև ոլորտային ռազմավարությունները: Փոխվարչապետը կարևորել է հատկապես ենթակառուցվածքների զարգացման, բնապահպանության, էներգախնայողության, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանության ուղղությամբ նախատեսված բարեփոխումների իրականացումը: Ենթակառուցվածքների զարգացման մասին խոսելիս Մհեր Գրիգորյանն առանձնացրել է հատկապես արդիականացման և բարեփոխումների անհրաժեշտությունը ճանապարհների, ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկայի ոլորտներում: Որպես բարեփոխումների մեկ այլ կարևորագույն ուղղություն փոխվարչապետը նշել է արդարադատության ոլորտում բարեփոխումները, որոնք միտված կլինեն դատական գործընթացների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

Շնորհավորելով նոր կառավարության ձևավորման առթիվ՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը գոհունակությամբ է խոսել ՀՀ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության մասին: Նա ներկայացրել է ԵՄ աջակցության հիմնական գործիքները, որոնք հնարավոր է կիրառել Հայաստանում տարբեր ոլորտներում նախանշված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ անձամբ ինքը, ՀՀ-ում ԵՄ դեսպանն ու ԵՄ պատվիրակության թիմը պատրաստակամ են աջակցելու Հայաստանին այս կարևոր փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հիմնական հնարավորությունների շուրջ և երկուստեք նշել, որ ի թիվս այլ ուղղությունների՝ Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]