Փաշինյանը կարևորում է Մարտի 1-ի իրադարձությունների վայրում պարկուճները փոխելու հետ առնչվողների ներգրավվելը սպանությունների բացահայտման գործում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վայրում հայտնաբերված պարկուճները փոխել նախաձեռնող բոլոր անձինք պետք է ցուցմունք տան ու ներգրավվեն սպանությունների բացահայտման գործում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք կհարուցվի մեկ այլ քրեական գործ՝ Մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման համար, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատավարությունը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը:
«Մարտի 1-ի սպանությունների բացահայտման համար նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետև այդ քրեական գործը հարուցվել է։ Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այսինքն` այն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, փոխվել են: Ինչու են փոխվել, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող է տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ այդ թվում սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով: Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ փոխել այդ պարկուճները: Այո հնարավոր է երկրորդ կոնտեքստ, որ դրանով հնարավոր է փորձ է արվել թաքցնել գործընթացին բանակի ներգրավվածությունը»,-ասաց Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ կարող է լինել ևս մեկ շատ հավանական վարկած, որ նաև այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ, սպանություն իրականացրած փամփուշտ գնդակի պարկուճային մասը եղել է տեղում: «Սա նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանողները: Հետևաբար, բոլոր մարդիկ, ովքեր նախաձեռնել են պարկուճների փոփոխությունը, պետք է ներգրավվեն և տան ցուցմունքներ»-նշեց վարչապետն ու հավելեց՝ այդ մարդիկ հիմա պետք է գան, ասեն, թե ինչու են փոխել այդ պարկուճները: Սակայն նա նկատեց՝ կարծես այդ մարդիկ գալու ցանկություն չունեն:
Փաշինյանը հորդորեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այդ թեմայով ասելու բան ունեն, դիմեն իրավապահ մարմիններին, Հատուկ քննչական ծառայությանը, Դատախազությանը: Վարչապետը սպանությունների բացահայտման գործն առանցքային կարևոր գործ համարեց: Նա նշեց՝ երբ օգոստոս ամսին ասել է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, նաև դա է ի նկատի ունեցել: Վարչապետը վստահեցրեց, որ որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ: Բայց այս պահին թիվ մեկ բարդությունն այն է, որ եթե այդ պարկուճը լիներ, կնույնականացվեր այդ զենքի հետ, և կիմանային, թե ով է կրակել այդ զենքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում