Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ իմ հարգանքն էականորեն բարձրացել է. Նիկոլ Փաշինյան

 ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ իմ հարգանքն էականորեն բարձրացել է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելով գլխավոր քարտուղարի նշանակում չի կարող լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է: «Մենք կարծում ենք, որ այդտեղ ժամկետը մերն է, սակայն մեր գործընկերները մեզ հետ համաձայն չեն, քանի որ ասում են, թե դա կարգավորված չէ, և կա մեկնաբանության տեղ: Հետևաբար` մենք ասում ենք, որ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք: Եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, իմանանք, թե ինչպես է հարցը կանոնակարգվում: Կարծես թե այս կետի վրա եկել ենք համաձայնության»:

Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացից հետո խիստ վատատեսական տրամադրություններ էին հնչում հասարակության որոշ հատվածներից: «Շատ «ապոկալիպտիկ» գնահատականներ էին հնչում, թե այս ինչ եղավ: Սակայն իրականում ոչ մի բան էլ չեղավ: Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են, և մենք ապացուցեցինք դա: Այս ընթացքում Հայաստանի շահերը լիարժեք պաշտպանվել են: Այն խոսակցությունները, որ ունեցել ենք ՀԱՊԿ ձևաչափով շատ օգտակար են եղել, ողջ ՀԱՊԿ գոյության ընթացքում այսպիսի խոսակցություններ երբեք տեղի չեն ունեցել»,- հայտարարեց նա:

Վարչապետը շատ դրական գնահատեց մթնոլորտն ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ ԵԱՏՄ-ում: «Ցավոք այս կազմակերպություններում աշխատանքի մեծ մասը տեղի է ունենում դռնփակ, և հանրությունը հնարավորություն չունի տեսնել, թե իրականում ինչ ոգով են տեղի ունենում քննարկումներն այնտեղ: Ասեմ, որ դրանք բավականին բովանդակային, խորը, շահագրգիռ, երբեմն բուռն քննարկումներ են, ինչն էականորեն բարձրացրել է իմ հարգանքն այդ կազմակերպությունների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օբյեկտիվ և ճիշտ գնահատական է»,- հայտարարեց Փաշինյանը:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրելուց հետո Հայաստանի Հանրապետությունը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ սկսելու Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց։ Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 5 մլն դրամ գրավը: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 2-ից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]