Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը կասկած չունի Հայաստանում տնտեսական հեղափոխության հաղթանակի հարցում

Նիկոլ Փաշինյանը կասկած չունի Հայաստանում տնտեսական հեղափոխության 
հաղթանակի հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է մասնակցել տնտեսական հեղափոխությանը և այդ մասնակցությունն ապահովելու համար կառավարության կողմից իրականացվող քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը՝ բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, նշեց, որ ՀՀ քաղաքացին դա պետք է անի իր տնտեսական գործունեությամբ: «Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի վարկային տոկոսադրույքները իջնեն, վարկերը քաղաքացիների համար դառնան ավելի հասանելի: Մենք նաև մարդկանց քաջալերում ենք, պիտի քաջալերենք, որպեսզի իրենք իրենց համար փորձեն տնտեսական գործունեություն կազմակերպել:  Ես Ռանչպար գյուղում տեսա բազմաթիվ չմշակվող հողեր: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ հողերը մշակելը մարդկանց համար ձեռնտու լինի, հետո նրանք հնարավորություն ունենան իրենց աճեցրած բերքը արժանապատիվ և եկամտաբեր գնով հանձնել մթերող ընկերություններին: Մենք նաև հնարավորություններ ենք ստեղծելու, որպեսզի մարդիկ մասնագիտական վերապատրաստում անցնեն: Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, մենք պետք է մարդկանց օգնենք, որպեսզի նրանք, ովքեր կարող են, վերապատրաստվեն և այդ թափուր տեղերը լրացնեն, որովհետև այդ ոլորտում աշխատավարձերը շատ բարձր են»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով միկրոբիզնեսի շեմ են սահմանում, որով մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող որոշակի գործունեության տեսակներին ազատելու են հարկերից: «ԵՄ-ի հետ մեր քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, որ վարկային միջոցներ բերվեն Հայաստան հատուկ միկրոբիզնեսի համար, որոնք կլինեն մատչելի, որպեսզի մարդը կարողանա վարկ վերցնել, գործի մեջ դնել: Մենք անհատ տաքսու վարորդներին ազատում ենք հարկային պարտավորություններից, ինչը նշանակում է, որ այդ պահից նրանց եկամուտն ամսական 12 հազար դրամով ավելանալու է: Մենք ցանկանում ենք նպաստների համակարգն այնպես փոխել, որ եթե նույնիսկ մարդն աշխատում է, դրա պատճառով նրան նպաստից չզրկեն: Այսինքն՝ մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց աշխատանքը»,- ասաց Փաշինյանը:

Կառավարությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի մասնավոր պայմաններում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող անձինք կարողանան օրինական դաշտ դուրս գալ, իրենց արտադրանքը հանել վաճառքի և արտահանելու հնարավորություն ունենան: ՀՀ վարչապետի խոսքով՝ կառավարությունն առավելագույնս հեշտացնում է բիզնեսի համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները:

ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաղթելու է: Նրա խոսքով՝ ինչպես քաղաքացիները մասնակցեցին քաղաքական հեղափոխությանը, նույն կերպ էլ կմասնակցեն տնտեսական հեղափոխությանը: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պետք է տնտեսական հեղափոխության համար միջավայր, հարթակ, պայմաններ ստեղծի ու քաջալերի մարդկանց՝ շեշտելով, որ կասկած չունի՝ մարդիկ կանեն տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]