Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը կրթության բարելավմանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ- ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Արայիկ Հարությունյանը կրթության բարելավմանը վերաբերող հարցեր է քննարկել ՀՀ-
ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են անգլերեն լեզվի դասավանդմանը, անգլերենի ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցների սեյսմակայունության ապահովմանը և հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար, հատկապես կրթության համակարգում, առկա է մեծ ներուժ»,-նշել է նա:

Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ:

Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ասել է, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ: Նա կարևորել է նաև ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող բարեփոխումները:

Անդրադառնալով համընդհանուր ներառականության գործընթացին՝ Հարությունյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ներկայում իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոց հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Ուրախ էի իմ պաշտոնավարման մեկնարկին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանին և քննության առնել մեր ամուր համագործակցությունը կրթական ոլորտում, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակում»,- շեշտել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]