Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ զինվորին նվիրված «Անմահների երկիրը» ներկայացումը ապրիլին կհանձնվի թատերասեր հանրության դատին

Հայ զինվորին նվիրված «Անմահների երկիրը» ներկայացումը ապրիլին կհանձնվի 
թատերասեր հանրության դատին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքին նվիրվածության, անձնազոհության, ընկերասիրության, զինվորի մարտի դաշտում հույզերի ու ապրումների մասին պատմող «Անմահների երկիրը» մեկ գործողությամբ դրաման ապրիլի 2-ին կբարձրանա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանն ասաց, որ հերոսը, որին մարմնավորում է ինքը, օպերատոր է, որը մեկնում է ռազմի դաշտ տեսանյութի  համար: «Գտնվելով կռվող տղաների կողքին՝ նա հասկանում է, որ այն, ինչ ինքն էր պատկերացնում, բնավ կապ չունի այն ամենի հետ, ինչը տեղի է ունենում սահմանին: Արդյունքում նա նույնպես դառնում է զինվորներից մեկը՝ իրապես ընկալելով հայրենասիրություն, ուժ, հող, եկեղեցի, հարսանիք և այլ արժեքների իմաստը»,-նշեց դերասանը և հավելեց, որ հերոսը հայտնվում է մի իրավիճակում, որի շնորհիվ գիտակցում է իր ով լինելը:

Գրիգորյանը շեշտեց, որ ինքը ծառայել է Վայքում, գիտի, թե ինչ խնդիրների են բախվում զինվորները, թե ինչ բարդ ու դժվար կարող է լինել ծառայությունը: «Բանակում հնարավոր է մտերիմ ընկերներ ձեռք բերել: Իմ կնքահայրը բանակի ընկերս է»,-ասաց նա:

Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Հայկ Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Հաջինյանը:

Գրիգորյանի խոսքով՝ դերասանական խումբը հավաքվել է հատուկ այդ ներկայացման համար: «Լավ է, որ դերասանները տարբեր թատրոններից են. այդպես նրանք  տարբեր մտածողություն են բերում, մեկ ուղղվածություն չէ միայն»,-ընդգծեց Գրիգորյանը: Անդրադառնալով բեմադրության մանրամասներին՝ դերասանն ասաց, որ բեմը հագեցած կլինի անհրաժեշտ դեկորացիաներով, պահանջվող լուսային ու ձայնային էֆեկտներով:

Նրա  համոզմամբ, «Անմահների երկիրը»  դիտելով՝  մենք ավելի շատ կսիրենք մեր երկիրը:

«Ներկայացումը հուզիչ է, զգացմունքային: Չեմ ցանկանա շատ փակագծեր բացել, բայց պետք է փաստեմ, որ դերասաններն էլ են հուզվում, և դրանք իրական ապրումներ են: Հնարավոր չէ լինել կեղծ ու խաբել: Ապրիլի երկուսն այն օրն է, երբ սկսվեց չարաբաստիկ Քառօրյա պատերազմը, որը շատ զինվորների կյանքեր խլեց: Այդ օրը դահլիճում ներկա կլինեն Քառօրյայի մասնակից տղաներ, զոհված զինվորների ծնողներ»,-շեշտեց Սարգիս Գրիգորյանը:

Խոսելով ներկայացման բեմադրիչ Դավիթ Հարությունյանի հետ համագործակցության մասին` դերասանն ասաց, որ  նախընտրել է աշխատել հենց նրա հետ, քանի որ  Հարությունյանը տաղանդավոր է ու կարողանում է պատասխանատու  բեմադրությունները պատվով կյանքի կոչել: «Եթե բեմադրում ես մի գործ, որը կապ ունի բանակի հետ, զինվորների հետ ու  սրտիդ մոտ է, իրավունք չունես սխալվելու: Դավիթը չի սխալվի»,-եզրափակեց Գրիգորյանը:

Պիեսի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, բեմադրող նկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը, իսկ կոմպոզիտորն Արման Էլբերտն է:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]