Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Լիճքի նորակառույց ձկնաբուծական գործարանը կունենա հզոր արտադրողականություն


ԳԱՎԱՌ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ձկնաբուծարանի տարածքում կառուցվում է արդի չափորոշիչներին համապատասխան եւ փակ ցիկլով աշխատող ձկնաբուծարան, որտեղ արտադրվելու եւ աճեցվելու են Գեղարքունի, ծիածանափայլ իշխան եւ սաղմոն ձկնատեսակները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ալկաֆիշ» ՍՊԸ տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ձկնաբուծարանը կառուցվում է հայ-ամերիկյան ներդրումների հաշվին, Լիճքի ձկնաբուծարանի տարածքում: «Լիճքի ձկնաբուծարանը ժամանակին աճեցրել ու տարեկան Սեւանա լիճ է բաց թողել միլիոնների հասնող իշխանի ու կողակի մանրաձուկ: Աշխատանքների հիմնական պատվիրատուն պետությունն էր:

Սակայն ձկնաբուծարանը 1990-ական թվականներին սեփականաշնորհվեց ու պետպատվերի բացակայության պայմաններում գործեց իր հզորությունների նվազ մասով: Մեր համագործակցությունը վերջերս բարեհաջող ընթացք ունեցավ արտասահմանցի ներդրողների հետ, ինչի արդյունքում էլ ձկնաբուծարանի տարածքում կառուցվում է ժամանակակից ու հզոր արտադրողականության ձկնաբուծական գործարան, որտեղ բուծվելու են Գեղարքունի, ծիածանափայլ իշխան ու սաղմոն ձկնատեսակները: Արտադրված մանրաձուկն աճեցվելու է ձկնաբուծարանի տարածքում եւ արտահանվելու կամ տեղում վերամշակվելու է: Ձկների կենդանի քաշը 2-2,5 տարվա ընքացքում նախատեսվում է հասցնել մինչեւ 5 կիլոգրամի: Ծրագիրը սկսվել է 2018 թվականի սեպտեմբերին, եւ անցած ամիսների ընթացքում արդեն ավարտվել է ձկնաբուծական գործարանի շենքի կառուցումը, շուտով տեղադրվելու են սարքավորումները: Փորձնական կարգով մեզ մոտ աճեցվել ու արտահանվել է մոտ 80 տոննա ծիածանափայլ իշխան ու սաղմոն: «Ալկաֆիշ» ՍՊԸ-ն ծրագրում է տարեկան արտադրողականությունը հասցնել մինչեւ 1000 տոննայի, կառուցել նաեւ ձկան վերամշակման գործարան: Այս ամենի իրագործման արդյունքում կունենանք հարյուրից ավելի աշխատատեղ, կիրականացվեն նոր բիզնես-գաղափարներ: Ինչ վերաբերում է Սեւանի իշխանի եւ կողակի մանրաձկան արտադրությանը, ապա մենք ցանկացած պահի կարող ենք սկսել բնապահպանական այդ կարեւոր գործը, եթե ունենանք համապատասխան պատվերներ»,-նշեց Արթուր Սողոմոնյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ