Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Ապրիլ

Բրիտանացի պատգամավորները կոչ են արել՝ սոցցանցերից կախվածությունը դիտարկել որպես հիվանդություն


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները կարծում են, որ սոցիալական ցանցերից կախվածությունը պետք Է դիտարկել «որպես հիվանդություն», «հոգեկան խանգարման ձեւ»: Ինչպես մարտի 18-ին հաղորդել Է The Guardian թերթը, այս կարծիքը նրանք հայտնել են զեկույցում, որը պատրաստվել Է սոցիալական ցանցերի, հոգեկան առողջության եւ երիտասարդության բարեկեցության հարցերով զբաղվող միջկուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ Առողջապահության թագավորական ընկերություն բարեգործական կազմակերպության աջակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթի հեղինակների եզրակացությունների համաձայն, ծանրակշիռ պատճառներ կան խոսելու այն մասին, որ այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսիք են՝ Facebook-ը, Instagram-ը եւ Twitter-ը, որոնք մրցակցային պայքար են մղում, որպեսզի օգտատերերն ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց հարթակներում, կարող են «ավերիչ ազդեցություն» ունենալ երեխաների վրա: «Չափազանց կարեւոր Է, որ մենք երիտասարդներին պաշտպանենք եւ ապահովենք նրանց անվտանգությունն ու առողջությունը գլոբալ տեղեկատվական ցանցն օգտագործելու ժամանակ»,-նշում են զեկույցը կազմողները: Նրանք Մեծ Բրիտանիայի կառավարությանը հորդորել են՝ անհետաձգելիորեն նախաձեռնել բազմակողմանի հետազոտություն եւ որոշել՝ հարկ Է արդյոք սոցցանցերից կախվածությունը համարել բուժման ենթակա հիվանդություններից մեկը: Խորհրդարանականների կարծիքով՝ պետք Է սոցցանցերի եկամտի 0,5 տոկոսի չափով նոր հարկ սահմանել դրանց համար՝ մասնագիտացված հետազոտությունների ֆինանսավորման, կրթական նախագծերի եւ հանրության համար մեթոդական ձեռնարկների պատրաստման նպատակով: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեսախաղերից կախվածությունը ներառել Է Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր, տասնմեկերորդ հրատարակության (ՀՄԴ-11) մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ