Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համագործակցության ընդլայնման խոստումնալից հեռանկարներ. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Համագործակցության ընդլայնման խոստումնալից հեռանկարներ. Ֆելիքս Ցոլակյանն 
ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար  Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտկաարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով  նորանոր ձեռքբերումներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ մասնավորապես, հրշեջ կայանների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ:

Համատեղ իրականացվող ծրագրերից, մասնավորապես, կարևորվեցլ է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքները:

2018 թվականին արդեն իսկ իրականացվել է Արարատի մարզի Մասիս (վերանորոգում) և Սյունիքի մարզի Մեղրի (կառուցում) քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականացման ծրագիրը:

2019-2021 թվականների ընթացքում վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիի «Գյումրի 1» թաղամասում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Այս համատեքստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը և նշել, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է շարունակել առկա համագործակցությունը և ավելի ընդարձակել այլ ուղղություններով:

«Տեխնոլոգիաները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց կենցաղը, նոր երևույթներ են առաջ գալիս: Մենք պետք  է զարգանանք և մշտապես լինենք զգոն», - իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է. «Հպարտ եմ, որ տարիներ ի վեր ԱՄՆ դեսպանությունը եղել է Ձեր նախարարության լավ գործընկերը: Որպես օրինակ կարող եմ նշել փորձի փոխանակումը հայ փրկարարների և ԱՄՆ զինծառայողների միջև, որը մարդկային կյանքեր փրկելուն ուղղված մեր համատեղ աշխատանքի դրվագներից մեկն է միայն: Պատրաստ եմ շարունակել գործակցությունը Ձեզ հետ այս նոր պաշտոնում և հուսով եմ, որ կարող ենք գտնել համատեղ աշխատանքի նոր և արժեքավոր ուղիներ»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության շրջանակները՝ ազգային և միջազգային մակարդակով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում կարևորել է  կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես  կանխարգելման, բնակչության իրազեկման գործընթացում  անելիքներ շատ կան:

Նախարարը հավելել է, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո համագործակցությունն այլ կառույցների հետ ավելի կընդլայնվի, և արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատանքը կլինի ավելի  համակարգված:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որի շրջանակներում առ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]