Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շմոլ և բնական գազից թունավորումների դեպքերը կրճատվել են

Շմոլ և բնական գազից թունավորումների դեպքերը կրճատվել են

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շմոլ և բնական գազից թունավորումների թիվը նվազել է: Եթե 2017 թվականին հանրապետությունում գրանցվել է շմոլ և բնական գազից թունավորումների 429, ապա 2018 թվականին՝ 374 դեպք:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի Տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանը նշեց, որ զոհերի ու տուժածների թվի նվազում է նաև նկատվում: 2017 թվականին շմոլ և բնական գազից թունավորումներից գրանցվել է 7 զոհ և 906 տուժած, իսկ 2018 թվականին՝ 1 զոհ, 675 տուժած:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերակշռում են շմոլ գազից թունավորումների դեպքերը: Եվ հիմնականում դեպքերն արձանագրվում են բնակելի շինություններում: Խնդիրները հիմնականում կապված են գազի վառարանների, կաթսաների, ջրատաքացուցիչների հետ»,- ասաց Տաթև Ալիխանյանը: Շմոլ և բնական գազից թունավորումների դեպքերը հիմնականում գրանցվում են Երևանում, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտնի մարզերում: 

Ներկայացնելով 2019 թվականի տվյալները՝ Տաթև Ալիխանյանը նշեց, որ արդեն գազից թունավորումների 129 դեպք է արձանագրվել, որի հետևանքով գրանցվել է 5 զոհ, 237 տուժած: Ինչ վերաբերում է գազալցակայաններում հնարավոր թունավորումներին, ապա Ալիխանյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում, ինչպես նաև 2018-ին, նման դեպք չի եղել, իսկ 2017 թվականին գրանցվել է 1 դեպք:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը նշեց, որ թունավորման դեպքերը հիմնականում գազասպառման սարքերի անսարքության հետևանք են:

«Գազօջախները, վառարանները, ջրատաքացուցիչները անսարք են լինում, և տեղի է ունենում գազի թեյրայրում: Մյուս կողմից ծխատարերը նորմալ չեն աշխատում, ինչին պետք է ուշադրություն դարձնել: Դրանից բացի, պետք է ապահովել նորմալ օդափոխություն: Մեկ այլ խնդիր է, երբ շարունակում են հետևողական չլինել և մշտապես միացրած չպահել գազի անվտանգության սարքը: Շատերին թվում է, թե դա հոսանք է ծախսում: Դա այն սարքն է, որը թունավոր նյութերի առկայության դեպքում ազդանշան է տալիս, և կանխում ծանր հետևանքները»,-ասաց Ռուբեն Խաչունցը:

«Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ 2017 ունեցել են 136 հիվանդ, 2018 թվականին՝ 100 հիվանդ: 2019 թվականին արդեն 52 անձ թունավորվել է և հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացել:

«Գազի թունավորման դեպքում բնակիչը չի զգում, թե ինչ է կատարվում, սկզբում գլխացավ է ունենում, հետո՝ գլխապտույտ, քնկոտություն: Կարող է քնել և չհասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ: Դրա համար խնդրի դեպքում պետք է շատ արագ տվյալ անձին դուրս բերել բաց տարածություն, մաքուր օդի, տունը շտապ օդափոխել, գազն անջատել ու զանգել 1-04, ինքնաբուժությամբ չզբաղվել, հնարավորինս շատ արագ թունավորվածին հասցնել հիվանդանոց»,-ասաց թունաբանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]