Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին

Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը մարտի 18-ին հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և  նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվական  բաժնից, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր  այցի շրջանակում և Ուսուցման եվրոպական հիմնադրամը` ԵՄ գործակալությունը, որն աջակցում է Եվրոպական հարևանության երկրներին նախաձեռնել բարեփոխումներ կրթության և զբաղվածության քաղաքականության ոլորտում, պաշտոնապես մեկնարկ են տվել ԵՄ-Հայաստան կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությանը: Քննարկման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵՀ տնօրենի հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որի նպատակն է կրթության ոլորտի հիմնական խնդիրների համար անհրաժեշտ լուծումների ուրվագծումը:

Այցի շրջանակում, ԵՀ տնօրեն  Լոուրենս Մերեդիթը՝  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, կհայտարարի  նաև ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր ծրագրի մեկնարկը:  Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող այս նորաստեղծ կենտրոնի նպատակն է բարձրացնել կրթության որակը Հայաստանում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:  

«Եվրոպական միության աջակցությունը երիտասարդներին Հայաստանի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է, որը Արևելյան գործընկերության զարկերակն է: Ապահովելով ուսումնառության, աշխատանքի և հասարակության լիարժեք  մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմաններ երիտասարդների համար, մենք օգնում ենք նրանց իրացնել առկա ներուժը և դառնալ ապագա առաջնորդներ և ձեռներեցներ», այցի ընթացքում նշել է Լ. Մերեդիթը:

Եվրոպական հանձնաժողովի տնօրենի այցելության ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ դիվանագիտական կորպուսի, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների և ուսանողների հետ ոչ-պաշտոնական երկխոսություն՝ ԵՄ-Հայաստան  համագործակցության ներկա փուլի և ընթացիկ հարցերի շուրջ:

 

Ընդհանուր ակնարկ

Կրթական բարեփոխումների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսություն

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի և կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում, կրթության քաղաքականության վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսությունն ուղղված է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների ուրվագծմանն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաև կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա ուղղություների կանխորոշմանը: 

Սրան կաջակցի Թուրինի գործընթացը, որը հետևում է Եվրոպական միության (ԵՄ) գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացումներին: Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը մասնակից երկրների բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության պատկանելությունն ու մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումների իրականացումը, գնահատել  առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա և համաձայնեցնել ապագա գերակայությունները:

ԵՄ «Թումո» ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Ծրագրի մեկնարկին նախատեսվում է Եվրոպական միության և իրականացնող գործընկեր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև պայմանագրի հրապարակման արարողություն, որից հետո տեղի կունենա խորհրդանշական հիմնարկեք:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «ԵՄ ԹՈՒՄՈ Ինժեներական և կիրառական գիտությունների համալիր», որը կընդգրկի մի շարք կազմակերպություններ, նպաստելով STEM մասնագիտություններով կրթության որակի բարձրացմանը՝ Հայաստանում: 

Կենտրոնում կմատուցվի ոչ-ֆորմալ կրթություն ավելի քան 18 STEM մասնագիտություններով, ինչպես նաև կհիմնադրվի նորարարական էկոհամակարգ հիմնված  պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ դերակատարների միջև գործընկերության վրա: Ծրագիրն իրականացվում է «Թումո»-ի կողմից, որը հանդիսանում է նորարարական կրթություն ոլորտում հայտնի առաջատար ՀԿ-ն՝ Հայաստանում: Ծրագրի համատեղ իրականացնող գործընկեր  Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կհիմնադրվի նոր ֆակուլտետ, որը կապահովի  STEM  ֆորմալ կրթության որակի բարձրացում: Ծրագրի տևողությունն է  5 տարի:

ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների  

Եվրոպական միությունն արդեն իրականացնում  է երիտասարդների աջակցությանն ուղղված տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր: Էրազմուս+-ը հանդիսանում է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի աջակցության առաջատար ծրագիրը՝ Եվրոպայում: ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվում է չորս ծրագիր, որոնք աշխատում են այդ թվում հայաստանցի երիտասարդների հետ` բարձրացնելու երիտասարդների  աշխատունակությունը, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ և ակտիվացնելու  երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում:

Շուտով կմեկնարկի մեկ այլ նախաձեռնություն մշակույթի ոլորտում՝ աջակցելու երիտասարդների ստեղծարար տաղանդին:

Լրացուցիչ տեղեկատվություն

ԵՄ-ն Արևելյան գործընկեր երկրներում աջակցում է զբաղվածության հնարավորություններին և երիտասարդների ակտիվ քաղաքացիական մասնակցությանը

ԵՄ և Հայաստան. գործընկերություն հանուն երիտասարդների


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]