Նոր Զելանդիայից Անկարային ուղղված եւ ընկալված ուղերձները
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի ահաբեկչական գործողության դրդապատճառների մասին կատարվող վերլուծականները կենտրոնանում են ահաբեկչություն ընդդեմ ահաբեկչության հակազդեցության շղթայի գործընթացի զարգացման վրա: Այլ խոսքով, ծայրահեղականության դիմաց առաջացող հակազդեցության նույն ոճի որդեգրման թե անհատական, թե քաղաքական մղումների վրա:
Համաշխարհային ներկա հասարակարգի դրվածքը բարդացրել է իրավիճակը այն իմաստով, որ բնակչությունների շարժունակ միտումները փոփոխությունների են ենթարկել ժողովրդագրական պատկերները: Աշխարհագրական միջավայրերն անվերջ ստանում են ժողովրդագրական հարափոփոխ պատկերներ: Ժողովուրդների տեղափոխության արդի միտումները չեն տարանջատում կրոնի եւ ազգության տարբերությունները: Նոր Զելանդիան եւս ժողովրդագրական պատկերի արագ փոփոխության միջավայրի է վերածվել, նախապես թերեւս ամենամիատարրերից այս իմաստով, ուր այժմ գործում է երկու մզկիթ Քրայսթչըրչ անվանվող շրջանում:
Բնակչության մնայուն այս շարժունակությանն առընթեր ներկա աշխարհակարգը գծաքաշով սահմանազատում է իսլամն ու քրիստոնեությունը, ահաբեկիչն ու հակաահաբեկիչը, իսլամիստն ու ցեղապաշտը կամ քաղաքական արդի եզրույթով` ծայրահեղ աջը: Ստացվում է այն, որ համախառն բնակչությամբ սահմանազատված համաշխարհային հասարակությունը այսօր ոչ միայն ընկերաբանական, այլ նաեւ զուտ ապահովական առումով ամենաբարդ կացության մեջ է գտնվում:
Իրաքից Սիրիա եւ Եմենից, Աֆղանստանից, Պակիստանից, Թուրքիայից ու Հեռավոր Արեւելքի երկրներից դեպի Եվրոպա ու ԱՄՆ արտահանված իսլամական ահաբեկչությունը ստանում է ոճանման հակահարվածներ: Եթե քաղաքական իմաստով ծայրահեղ աջակողմյանականությունը աշխույժ դրսեւորումներ է ունենում եւ գրավում խորհրդարանական աթոռներ, ապա գետնի վրա նույն մտայնությունը, անհանդուրժողականության գագաթներ է մագլցում` հավաքական սպանդներ իրականացնող գործողություններով:
Ուշագրավ է այս դեպքում այն, որ ահաբեկչություն արտահանած երկրներից ամենաշատը Թուրքիան է, որը լուսարձակի տակ է բերվել ավստրալիացի կազմակերպչի կողմից հրապարակված նոր Զելանդիայի գործողությամբ աշխարհին ներկայացող մանիֆեստով: Զինական գործիքների վրա բազմալեզու արձանագրությունները եւ հատկապես նշված պատմական ճակատամարտերը շեշտված ձեւով ընդգծում են այն հանգրվանները, որտեղ Թուրքիան ճակատագրական պարտություն է կրել։
Զգուշացումը Թուրքիային ուղղվել է` դեպի Եվրոպա իր թափանցումները կասեցնելուն կամ երթը չշարունակելուն ընդհանրապես: Խնդիրը, ըստ երևույթին, ոչ միայն Եվրոպայի իսլամացման, այլ թրքացման վտանգն է, որ մղել է գործողության կազմակերպիչներին այս ձեւով ուղերձ փոխանցելու:
Քաղաքականապես նաեւ հասկանալի է թվում, որ Էրդողանը ամենախիստ հռետորաբանությամբ եւ սպառնական ոճով է հակազդում Նոր Զելանդիայի արարքին: Փաստորեն, Եվրամիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, սուննի բարձրագույն կրոնապետի, Ֆրանցիսկոս պապի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի, Հնդկաստանի ցավակցական դատապարտագրերի բովանդակությունները ընդհանուր հայտարարներ ունեն:
Եվրամիությունը եվրոպական արժեքների հակոտնյա է նկատում վայրագության այս արարքը, մինչ ԱՄՆ-ն ահավոր ջարդ է որակում պատահածը եւ ցավակցում զոհերի հարազատներին: Մեծ Բրիտանիան ատելության մթնոլորտի տարածման դեմ է խոսում եւ իսլամի թիրախավորումը քննադատում. Պապը իսլամական համայնքին իր խոր ցավակցություններն է հայտնում: Ֆրանսիան ամեն տեսակ ծայրահեղականությունը մերժում է եւ իր գործընկերների հետ հակաահաբեկչական պայքարին հավելյալ կազմակերպման կոչ է անում: Գերմանիան` ցեղապաշտական մղումները խորապես դատապարտում է: ՌԴ-ն ահաբեկիչներին խստագույն պատժի ենթարկելու անխուսափելիությունն է ընդգծում. Հնդկաստանը ահաբեկչության բոլոր տեսակի դրսեւորումներն է դատապարտում:
Թուրքիայի ղեկավարը իսլամական աղոթքն անողների դեմ կատարված ահաբեկչությունը խորապես դատապարտելուց հետո այն որակում է որպես ցեղապաշտության եւ իսլամաֆոբիայի նորագույն օրինակ՝ հավելելով, որ հստակորեն ահաբեկիչների առաջադրանքը արեւմուտքում ենթահող է շահում:
Քաղաքական իմաստով հակաարեւմուտք ուղերձ հղելու նույնություն գոյություն ունի Իրանի եւ Թուրքիայի պաշտոնական դատապարտական ուղերձներում: Հստակ տարբերությամբ, իհարկե, մինչ Իրանը խոսում է մարդու իրավունքների անվան տակ իսլամական կրոնի սատանայացման միտող Արեւմուտքի կեղծ քաղաքականության մասին, Անկարան շեշտում է ահաբեկիչների եւ Արեւմուտքի նույն առաջադրանքը ունենալու քաղաքական ամբաստանությունը:
Անկարայի առանձնացումը ահաբեկիչների մանիֆեստում ունի քաղաքական տրամաբանություն: Հայտնապես ահաբեկիչները իսլամական ահաբեկչություն արտահանող գլխավոր երկիր են նկատում Թուրքիային։ Իսկ Էրդողանը, ահաբեկիչների եւ Արեւմուտքի միջեւ միացյալ առաջադրանք տեսնելու իր հայտարարությամբ պարզապես նվիրականացնում է այդ ընկալումը:
Շահան Գանտահարյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում