Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Երուսաղեմ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ կառավարության և ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ 
ՀՀ անկախությունից տարիներ ի վեր սա ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է: Երուսաղեմի պատրիարքարանը, հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու ինքնավար աթոռներից, տարիներ շարունակ ուղղակի համագործակցություն չի իրականացրել ՀՀ ԿԳՆ-ի հետ։ Մինչդեռ ներկայում հատկապես տվյալ տարածաշրջանում հայկական ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ու հայագիտության զարգացման հարցերը շատ կարևոր են Հայոց ցեղասպանագիտության տեսանկյունից:

Տարիներ շարունակ հետևողական և նպատակամետ համագործակցության աշխատանքի բացակայության հետևանքով Իսրայելում կուտակվել են բազմաթիվ չլուծված հարցեր, ինչպես նաև առկա է համագործակցության չօգտագործված ռեսուրս։

Մասնավորապես անորոշ է Իսրայելում գործող Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի կարգավիճակը։ Վարժարանի ուսումնական գործընթացը և մանկավարժական կադրերի խնդիրները նոր լուծումներ են պահանջում, փակման եզրին է հայտնվել Երուսաղեմի համալսարանում հայագիտական բաժինը, ըստ հարկի չի օգտագործվում Երուսաղեմի հայկական եկեղեցու մատենադարանը, հասունացել է Թել Ավիվի համալսարանում հայագիտական ամբիոն հիմնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դասավանդելու խնդիրը: Նշված բոլոր խնդիրներն ընդգրկված են ԿԳ նախարարի այցի օրակարգում։ Նախատեսվում են հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարքի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ