Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

«Ազգային հրապարակախոսության մրցույթ 2019»-ի հաղթողը Լոնդոնի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային հրապարակախոսության մրցույթ 2019»-ը, որը կազմակերպել էր «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիան, կայացավ «Արմենպրես» լրատվական գործակալությունում մարտի 13-14-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բնությունը համամարդկային է» թեմայով անգլալեզու մրցույթի նախընտրական փուլին մասնակցում էր Երևանի և մարզերի տարբեր ուսումնական հաստատություններից 16-20 տարեկան 60 ուսանող և աշակերտ:

Ամենաբարձր միավորներ հավաքած 10 մասնակից անցավ եզրափակիչ փուլ:

Հաղթող ճանաչվեց «Արեգնազան» կրթահամալիրի սան Ալեքսանդր Հակոբյանը, ով մայիսին կմեկնի Լոնդոն՝ ներկայացնելու Հայաստանը «Միջազգային հրապարակախոսություն» մրցույթին:

«Մրցույթին մասնակցում եմ արդեն երկրորդ տարին անընդմեջ, առաջին անգամ հասել էի եզրափակիչ փուլ, սակայն ստացել էի միայն հավաստագիր: Իմ խոսքը կոչվում է «The forgotten, N, Esperanto», այսինքն՝ ցանկանում եմ ստեղծել մի լեզու, որը կճանաչվի ամբողջ աշխարհում ու բոլորը կկարողանան շփվել միմյանց հետ:  N  տառն ավելացրել եմ, որպեսզի շեշտեմ, որ այդ լեզուն հենց բնությունն է, անգլերեն՝ nature (բնություն) բառից»,- ասաց մրցույթի հաղթողը:

Նա նաև շեշտեց, որ այս տարի թեման մի փոքր դժվար է եղել, սակայն նա 1 ամիս ժամանակ է ունեցել իր նյութի վրա աշխատելու և ինչպես ինքն է ասում՝ եզրափակիչ անցնելուց հետո ավելի է «տաշել քարը» ու արդյունքում հաղթել:

Ալեքսանդրը մինչ «Արեգնազան» կրթահամալիր տեղափոխվելը սովորել է Չեխովի անվան դպրոցում, որտեղ իրականացվում էր Բրիտանական հյուպատոսության մի ծրագիր, որի ժամանակ բավականին ինտենսիվ անգլերեն են ուսանել:

«Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիայի նախագահ Նատալի Ջրյանը նշեց, որ նման միջոցառումները նպաստում են, որպեսզի այսօրվա երիտասարդությունը կարողանա զարգացնել իր բանավոր խոսքը:

«Սա շատ կարևոր է երիտասարդության համար՝ կերտելու իրենց ապագան: Այսօր շատերը դժվարանում են արտահայտել իրենց միտքը: Այս տարվա թեման բավականին բարդ էր, սակայն այն ուսանողներն ու աշակերտներն, ովքեր այսօր եկել էին՝ իրենց մտքերն էին արտահայտում՝ ինչպիսին են պատկերացնում բնությունը, ինչու է հարկավոր խնայել բնությունը և այլն»,- ասաց Նատալի Ջրյանը: 

Այս տարի «Ազգային հրապարակախոսության մրցույթ 2019»-ի եզրափակիչ փուլի ժյուրիի անդամների կազմում են՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՀՀ ԱԳ նախարարության, Բրիտանական խորհրդի, Ստեղծարար Եվրոպայի, Հանրային հեռուստաընկերության, Արմենպրես լրատվական գործակալության, «Շեքսպիր ակումբ» ասոցիացիայի ներկայացուցիչներ:

«Միջազգային հրապարակախոսություն» մրցույթին մասնակցելու է ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ