Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ՌԴ-ն կհարգի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու կողմերի որոշումը. Մարիա Զախարովա


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ խոսել է բանակցային ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության դեպքում: Եթե նրանք որևէ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք կհարգենք այն: Դա ոչ միայն մեր, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումն է: Ես նաև խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել մարտի 9-ին արված համանախագահների հայտարարության վրա, որտեղ բավական հստակ ներկայացված են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումներն այդ հարցի հետ կապված»,- ասաց Զախարովան:

Մարտի 9-ին տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ), հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին, վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն:

Համանախագահները հայտնում են իրենց կարծիքը, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պետք է լինեն հակամարտության արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկ ամբողջություն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ