Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՆԱՏՕ-ն անցկացրել են բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՆԱՏՕ-ն անցկացրել են բարեվարքության 
թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները՝ որպես կայուն բարեփոխումների համար կարևոր գործոններ ուսումնասիրելու նպատակով:

Քննարկման հիմնական թեման էր առաջնորդների առանցքային դերը բարեփոխումների խթանման գործում: Ներկայացվել է նաև ՀՀ ՊՆ համագործակցությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի հետ:

Խորհրդաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև քաղաքական մակարդակում փոփոխությունների համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու հարցին: Կարևորվել է ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում բարեվարքության սկզբունքների ներառումը, ինչը կխթանի բարեվարքության բարեփոխումները քաղաքական մակարդակում և կամրապնդի բարեվարքության մշակույթը:

Միջոցառման ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է հանձնվել Բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման լրամշակված հարցաշարը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողովի ավարտին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին և միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Միջոցառմանը մասնակցել են Պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Զինվորական դատախազության, Քննչական կոմիտեի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, Արտաքին գործերի նախարարության, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Խորհրդաժողովը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի` Հայաստանում տեղի ունեցած առաջին բարձրաստիճան միջոցառումն էր 2013 թվականից՝ ծրագրին ՀՀ պաշտպանության նախարարության միանալուց ի վեր: 2016թ.-ին ՆԱՏՕ-ն, Պաշտպանության նախարարության կողմից լրացված ինքնագնահատման հարցաշարի առավել խորը և հանգամանալից ուսումնասիրության նպատակով, իրականացրեց փորձագիտական խմբի այց Հայաստան: Ինքնագնահատման գործընթացը և փորձագիտական վերանայումը Բարեվարքության ամրապնդման ծրագրի հիմնաքարն են և հիմք են ապահովում թե´ ինստիտուցիոնալ, և թե´ անհատական մակարդակներում բարեվարքության և լավ կառավարման հարցերում ՆԱՏՕ-ի հասցեական աջակցությունից օգտվելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]