1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի քաղաքապետարանը հետևում է օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների նախկին աշխատակիցների աշխատանքի տեղավորման խնդրին

Երևանի քաղաքապետարանը հետևում է օպերային թատրոնի հարակից տարածքի 
սրճարանների նախկին աշխատակիցների աշխատանքի տեղավորման խնդրին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը  հետևում է օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների նախկին աշխատակիցների աշխատանքի տեղավորման խնդրին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օպերայի հարակից տարածքում մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:   

«Մենք հասկանում ենք, որ սա մասնավոր սեկտոր է, և քաղաքապետարանը, իհարկե, այստեղ ուղղակիորեն աշխատանք առաջարկելու խնդիր չունի, բայց հետևում է, մտահոգ է          քաղաքացիների աշխատանքի հարցով: Գիտենք, որ այս պահին աշխատակիցների զգալի մասը աշխատանք է փնտրում և գտնում: Կարծում եմ, որ ոլորտում շատ թե քիչ ներգրավված մարդիկ կվկայեն, որ ոլորտում աշխատանք գտնելն այսօր այնքան էլ դժվար չէ և հատկապես սեզոնին և նաև ոչ սեզոնին Երևանում և ոչ միայն Երևանում այդ աշխատանքը կարելի է գտնել»,- ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ այդ սրճարաններում աշխատել է 300-400 աշխատող, Կարապետյանը պատասխանեց, որ այդ թիվը խիստ ուռճացված է:

«300-400 աշխատակիցների թիվը խիստ ուռճացված է: Ըստ մեր տվյալների` այստեղ աշխատում է ամենաշատը երկու-երեք տասնյակ գրանցված քաղաքացի: Կամ սրճարանների նախկին վարձակալները իրենց ընդվզումը հիմնավորելու համար են այդ թիվը հնչեցնում, կամ այստեղ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,- ընդգծեց Կարապետյանը:

Նրա խոսքով ` օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման գործընթացն իրականցվում է բացառապես իրավական ամուր հիմքերի վրա:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքը:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել էր օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվել էր ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը: Ոստիկանության գործողությունների ընթացքում լարվածություն էր առաջացել, քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվել, ինչի հետևանքով տուժել էին ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, նշանակվել է ծառայողական քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]