Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հուշարձանների պահպանությունը եւ հանրահռչակումը կընթանան երկկողմ համագործակցությամբ

Հուշարձանների պահպանությունը եւ հանրահռչակումը կընթանան երկկողմ համագործակցությամբ

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրները կարգավորելու եւ մարզպետարանի ու մարզի համայնքների հետ համագործակցություն հաստատելու նպատակով աշխատանքային այցով մարզ էր ժամանել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանը: Նրան ուղեկցում էին տնօրենի տեղակալ Կարեն Փահլեւանյանը, նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Գոռ Գասպարյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում Արա Թարվերդյանն առաջ քաշեց մի շարք հարցեր, որոնք խանգարում են մարզի հուշարձանների պահպանության պատշաճ կազմակերպմանը: «Մենք խնդիրներ ունենք մարզի համայնքների ղեկավարների հետ, ովքեր բավարար չափով իրազեկված չեն մեր ոլորտով, անհրաժեշտ աջակցություն կամ շահագրգռվածություն հանդես չեն բերում իրենց վարչական տարածքներում առկա հուշարձանների պահպանության, ուսումնասիրման կամ հանրահռչակման նկատմամբ: Բնակիչները խաչքարերի վրա մոմ են վառում, երբեմն դրանք տեղահանում եւ իրենց բակեր են տանում: Լուրջ խնդիր ունենք նաեւ համայնքների ղեկավարների կողմից պատմական հուշարձանների մերձակա տարածքներում շինթույլտվություն տալու առումով՝ առանց հաշվի առնելու, որ այդ տարածքը համայնքային սեփականություն չի հանդիսանում: Խնդրում եւ ակնկալում ենք ձեր աջակցությունն այս հարցերում»,- մարզպետին դիմեց Արա Թարվերդյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ինքը եւս կարեւորում է մշակութային արժեքների պահպանության խնդիրը, որը չի կարող լիարժեք իրականացվել, եթե այս ոլորտում անհրաժեշտ մակարդակի վրա չգտնվի նախարարություն-մարզպետարան-ՏԻՄ համագործակցությունը: «Մենք մտահոգ ենք մեր հուշարձանների պահպանության շուրջ ստեղծված ամենաչնչին խնդիրներով: Մենք ինչպես ձեր, այնպես էլ համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել ցանկալի արդյունքների: Առաջարկում եմ հարցն ընդգրկել օրերս կայանալիք մարզի խորհրդի նիստի օրակարգում ու համայնքների ղեկավարների առջեւ բարձրացնել այս խնդիրները: Ցանկացած խնդրի շուրջ պատրաստ ենք աջակցության ու համագործակցության, այդ թվում՝ հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման, հանրահռչակման, պատմամշակութային նորահայտ արժեքների պահպանության եւ հանրայնացման առումներով»,- հավաստեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]