Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարտի 15-ին նշվում է Քնի համաշխարհային օրը

Մարտի 15-ին նշվում է Քնի համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս տարի այն նշվում է մարտի 15-ին: Այն կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու առողջ քնի կարևորությանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը և քնի խանգարումների մասին տեղեկությունների տարածմանը։ Քնի խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն քչերը գիտեն այդ մասին կամ դիմում  մասնագետի օգնությանը։

Այս ոլորտում Հայաստանում ակտիվ գործում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիան (ՔԽՀԱ), որն ամեն տարի անդրադառնում է քնի հիմնախնդրին: Ասոցիացիայի կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացվել է «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում»  հետազոտությունը` հարցման միջոցով, որին մասնակցել են քաղաքային և գյուղական համայնքների, բարձրադիր և ցածրադիր բնակավայրերի բնակիչներ։ Հետազոտության մեջ ներառվել են 18-ից բարձր տարիքի թվով 1001 մասնակից։ Նախապես պատրաստված կամավորների կողմից ուսումնասիրվել են հիմնական խանգարումները՝ ներառյալ անքնությունը, անհանգիստ ոտքերի համախտանիշը, քնի վարքային խանգարումները և այլն։

Առողջ քուն ունենալու համար շատ կարևոր է պահպանել քնի հիգիենան` վարքային դրական սովորությունները:

Ներկայացնում ենք քնի հիգիենայի հետևյալ կանոնները.

  1. Պետք է ունենալ քնելու և արթնանալու հստակ ռեժիմ: Սա նշանակում է, որ կարևոր է քնել և արթնանալ միևնույն ժամերին, անկախ այն բանից` աշխատանքային օր է, թե հանգստյան:
  2. Քնելուց 2 ժամ առաջ պետք է խուսափել նյարդային համակարգը կամ հոգեհուզական դաշտը ակտիվացնող գործողություններից: Խորհուդ չի տրվում ունենալ ֆիզիակական ակտիվություն քնելուց առաջ:
  3. Պետք է խուսափել քնել ցերեկային ժամերին: Սա հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ անքնություն ունեցողների վրա:
  4. Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ և ուտելիքներ` սուրճ, թեյ, կոկա-կոլա, շոկոլադ:
  5. Երեկոյան ժամերին պետք չէ օգտագործել դժվար մարսվող ուտելիք:
  6. Ալկոհոլը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Այն նպաստում է գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալուն և առավոտյան քնից չբավարարված լինելուն: Ուստի, պետք չէ օգտագործել ալկոհոլ հատկապես երեկոյան ժամերին:
  7. Անհրաժեշտ է քնել մութ սենյակում, ինչը նպաստում է քնի հորմոնի` մելատոնինի, արտադրմանը մեր օրգանիզմում:
  8. Պետք է ձգտել ունենալ ոչ աղմկոտ քնելու միջավայր:
  9. Կարևոր է հետևել սենյակային ջերմաստիճանին, քանի որ ոչ ցուրտ պայմանները, ոչ էլ բարձր ջերմաստիճանը նպաստավոր չեն քնելու համար:
  10. Խորհուրդ է տրվում քնելուց մեկ երկու ժամ առաջ հրաժարվել սմարթֆոններից և այլ սարքերից, քանի որ դրանք ընկճում են քնի սկսվող գործընթացը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]