Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս պահին ապամոնտաժվում է «Ջազզվե» սրճարանը:

Ապամոնտաժման աշխատանքներն այս անգամ բողոքի ակցիաներով չեն ուղեկցվում, աշխատանքներն իրականացվում են առանց խոչընդոտների:

«Ջազզվե» սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվեց ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը:Ոստիկանության գործողությունների ընթացքում լարվածություն էր առաջացել, քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել, ինչի հետևանքով տուժել էին ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, նշանակվել է ծառայողական քննություն:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ