Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փախստականների պաշտպանությունը չվերածվի «ապաստանի առևտրի». Միգրացիոն ծառայության պետը Ժնևում առաջարկել է բարեփոխել կոնվենցիան

Փախստականների պաշտպանությունը չվերածվի «ապաստանի առևտրի». Միգրացիոն 
ծառայության պետը Ժնևում առաջարկել է բարեփոխել կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Փասխտականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ Ժնևում տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ապաստանի համակարգի որակի բարելավմանը նվիրված համաժողով, որն առաջինն է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության (ՏԿԶՆ ՄԾ) պատվիրակությունը՝ պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ ապաստանի համակարգի որակի բարելավման գործընթացում Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է 2013 թվականից: Նախաձեռնությունը մի շարք հաջողություններ է գրանցել Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուկրաինայում։ Ոլորտի մարտահրավերները՝ հիմնված վեց երկրներում փախստականների պաշտպանության և ապաստանի ոլորտի վերջին օրինաչափությունների վրա, քննարկվում են տվյալ երկրների կառավարությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ։

Համաժողովի ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը կառավարություններին ոլորտում ծառացած խնդիրների լուծումները փնտրելու և իրականացնելու գործում։ Համաժողովում Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է ազգային անվտանգության պաշտպանությանը՝ փախստականների պաշտպանության համակարգը չխաթարելու համատեքստում: Մասնավորապես, ՄԾ պետն ընդգծել է, որ այս ոլորտում կարևոր է ոչ միայն իրավական, այլ հատկապես քաղաքական մոտեցում ցուցաբերելը:

«Ցանկանում եմ մասնավորեցնել ազգային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները և մատնանշել, որ մենք շարունակում ենք համագործակցությունն Ազգային անվտանգության ծառայության հետ՝ փորձելով բալանսավորել ազգային անվտանգությունն ու փախստականների պաշտպանությունը»,- նշել է Արմեն Ղազարյանը:

Միգրացիոն ծառայության պետը մատնանշել է այդ ոլորտում առկա խնդիրները, ինչպես օրինակ այն, որ փախստականների ինստիտուտն օգտագործվում է՝ խուսափելու հանցագործության համար պատիժ կրելուց: «Այդ ինստիտուտն օգտագործվում է նաև դասալքության, ահաբեկչության նպատակներով և Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ տարածքային֊, քաղաքական իրավիճակն այս առումով լուրջ մարտահրավերներ է ենթադրում»,- ավելացրել է Արմեն Ղազարյանը: Համաժողովի ընթացքում առաջարկվել է ստեղծել միասնական տեղեկատվական հարթակ, ստեղծել արդյունավետ ինստիտուտ, որը կբալանսավորի նշված խնդիրների լուծումը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը նաև ընդգծել է, որ Փախստականների կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին և ժամանակն է՝ այն բարեփոխել ժամանակակից մարտահրավերներին համահունչ: «Պետք է հասնել նրան, որ փախստականների պաշտպանությունը չչարաշահվի և չվերածվի «ապաստանի առևտրի»: Անհրաժեշտ է նոր շունչ տալ կոնվենցիային, որը հաշվի կառնի այսօր աշխարհում ի հայտ եկած նոր վտանգավոր ռիսկերը»,- իր խոսքը եզրափակել է Արմեն Ղազարյանը:

Համաժողովին հաջորդել է աշխատանքային ճաշը՝ միջազգային պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի տեղակալ Վոլկեր Տյուրկի (Volker Türk) մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am