Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

«Ռոստելեկոմ»ը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Азбука Интернета» նախագծի նոր փուլը


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «Այբ» դպրոցի և «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ, փետրվարից մեկնարկել է բոլորի կողմից շատ սիրված՝ «Азбука Интернета» նախագծի նոր փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոստելեկոմ» ընկերությունից, նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում։

Ծրագրի նոր փուլն իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի նախաձեռնությամբ։ Դասերն անց են կացվում գործընկեր «Այբ» դպրոցի աշակերտների կողմից կամավորության սկզբունքով «Վիքիմեդիա Հայաստան»-ի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գրասենյակում։ 

Փետրվարին անցկացվեց դասընթացների մեկնարկին նվիրված հանդիպում-միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան դասընթացավարների հետ, տեղեկացան մանրամասներին։

«Հատուկ կարևորում ենք այս նախագիծը առաջին հերթին այն պատճառով, որ այն հնարավորություն է ընձեռում 50+ տարիքի մեր բնակչությանը առավել մոտ գտնվելու ժամանակակից տեխնոլոգիաներին, առցանց ռեսուրսներին, առավել անկաշկանդ օգտվելու համակարգիչներից, կատարելու առցանց գնումներ և վճարումներ, ինչու չէ՝ նաև հաղորդակցվելու նոր տեխնոլոգիաների հետ երիտասարդների միջոցով։ Նախագիծը յուրահատուկ մեթոդոլոգիայի շնորհիվ տարբեր սերունդների միջև հաղորդակցության ու կենսափորձի փոխանակման հնարավորություն է, ինչը, կարծում եմ՝ դասընթացների կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Արդեն իսկ 51-74 տարեկան մասնակիցների երկու խումբ հաճախում են դասընթացների, որոնք կավարտվեն ապրիլին հավաստագրերի շնորհման արարողությամբ։

«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաև նախագծի կայքում՝ www.azbukainterneta.ru:

«Համացանցը միավորում է բոլորիս, և կարևոր է, որ այդ միավորումը հավասար հասանելի լինի բոլորին՝ անկախ տարիքից։ Այս նախագծի շնորհիվ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի այդ միավորումը։ Մեծապես կարևորում ենք նաև մեր աշակերտների՝ որպես կամավորների ներգրավումը, քանի որ այն ևս լրացուցիչ խթան է սերունդների շփման ու համագործակցության համար», —նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Հավաստագրեր կշնորհվեն նաև «Այբ» դպրոցի աշակերտներին, ովքեր անգնահատելի փորձ ու հմտություններ են ձեռք բերում նախագծի շրջանակներում դասավանդելով։

«Մենք, «Վիքիմեդիա Հայաստան»-ում, անչափ կարևում ենք կրթությունը և համարում, որ երբեք ուշ չէ նոր բան սովորել, նոր հմտություններ յուրացնել։ Անչափ ուրախ ենք այս նախաձեռնության մի մասը լինել և օգնել այն ռեսուրսներով, որ անհրաժեշտ են համակարգչային հմտություններ ձեռքբերելու համար։ Երբ մասնակիցները բավարար հմտանան, կծանոթացնենք Վիքիմեդիա նախագծերին, կսովորեցնենք օգտվել Հայերեն Վիքիպեդիայից, ինչպես նաև իրենց ներդրումն ունենալ հայալեզու ամենամեծ հանրագիտարանում»,—նշեց «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը։

Հայաստանում «Азбука Интернета» նախագծը իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ ավելի քան 250 մասնակիցներ Երևանից և մարզերից ձեռք են բերել համակարգչային հմտություններ և ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

 

«Азбука Интернета» ձեռնարկի մասին


«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված  ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց  համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։

Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել  «Աշխատանք տեքստի հետ»,  «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։

Նախագծի և ձեռնարկի մասին մանրամասներ ներկայացված են www.azbukainterneta.ru պաշտոնական կայքում։

***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

 

***

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ