Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերգեյ Բագրատյանը վերապահումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցում

Սերգեյ Բագրատյանը վերապահումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման 
հանձնաժողովի անդամների ընտրության հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավար մարմիններում ուզում է տեսնել հանրային հարգանք վայելող գործիչների, այլ ոչ թե պաշտոնատար անձանց, որոնց դեմ պետք է լինի հակակոռուպցիոն պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկմանը:

«Նախկինում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվում էր մեխանիկորեն և բավականին անլուրջ տպավորություն էր թողնում: Դա ղեկավարում էին վարչապետը, փոխվարչապետը և այլն: Հանձնաժողովը ղեկավարում էին մարդիկ, որոնց դեմ պետք էր հակոկոռուպցիոն պայքար մղել: Հիմա հանրային կարծիքի հետազոտման փուլում հասե՞լ եք, արդյոք, մի նպատակակետի, որպեսզի հասկանալի լինի, որ այդ հանձնաժողովը պետք է կազմված լինի միայն հանրային հարգանք վայելող գործիչներից»,-հետաքրքրվեց պատգամավորը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նկատեց, որ, իսկապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուներ որոշակի խնդիրներ, որոնք միջազգային ստանդարտներին չէին համապատասխանում: «Այդ ստանդարտներից էին որակավորված անձնակազմը, անկախության երաշխիքները, առանձին բյուջետային հատկացումները, ինչու չէ, նաև այդ հանձնաժողովի անդամների նշանակման մեխանիզմները: Փաստացի՝ օրենքով ամրագրված է մեխանիզմ, որ ԱԺ-ի կողմից են ընտրվելու հանձնաժողովի անդամները, և սահմանված են չափանիշներ ու մրցութային ընթացակարգ»,-ասաց Քրմոյանը:

Նա հույս հայտնեց, որ հանձնաժողովի անդամները ԱԺ-ի ֆիլտրն անցնելուց հետո նշված չափանիշներին համապատասխան կլինեն, և ըստ այդմ կապահովեն աշխատանքի արդյունավետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am