1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարևոր հստակեցումներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Կարևոր հստակեցումներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարտի 12-ին կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այն կարևորվեց ոչ միայն ընտրված ձևաչափով, այլ նաև օրակարգի հիմնական թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչած հստակ ուղերձներով:

Նախ, բավական կարևոր էր, որ համատեղ նիստի ժամանակ ամրագրվեց, որ Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել Արցախին բանակցային սեղան վերադարձնելու և նրա սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ կարևոր էր այն շեշտադրումը, որ Արցախի՝ բանակցություններին ուղղակի մասնակցության հարցը որևէ կերպ Հայաստանի կողմից առաջադրվող նախապայման չէ և հանդիսանում է հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց գրանցելու բնական նախադրյալ: Նման արձանագրումն, անշուշտ, ֆորմալ բանակցությունների մեկնարկից առաջ բավական կարևոր է և ուղղված է հակազդելու ադրբեջանական այն կեղծ թեզին, թե  հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում, որպեսզի տապալի բանակցային գործընթացը:

Նիստի ընթացքում կարևոր անդրադարձ եղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների ձևաչափի լիարժեքության վերականգնմանը: Բավական հիմնավոր ներկայացվեցին Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հիմքերը՝ ևս մեկ անգամ հստակեցնելով, որ Հայաստանը եղել և շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, սակայն բանակցությունների սեղանին Արցախը ներկայացնելու համար Հայաստանն՝ ի դեմս վարչապետի, չունի մանդատ և լեգիտիմություն: Հարկ է նշել, որ խոսքը նոր ձևաչափ ստեղծելու մասին չէ, այլ այն վերաբերում է դեռևս 1994թ-ին (համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ․ մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը) ստեղծված ձևաչափի վերականգնմանը:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման համար համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքներին (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն) և 6 տարրերին, ապա բավական կարևոր էր այն, որ ընդգծվեց դրանց մեկնաբանությունների հստակեցման անհրաժեշտությունը, որից հետո միայն հնարավոր կլինի հասկանալ, թե արդյոք դրանք կարող են լինել հարատև խաղաղություն ապահովող հիմքեր: Ըստ էության, առաջիկա քննարկումների ժամանակ, հայկական կողմը, ի թիվս մի շարք հարցերի, բարձրաձայնելու է հենց սկզբունքների, տարրերի հստակեցման և Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցերը:

Իսկ նիստի ժամանակ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հետ կապված հնչած շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ հայկական կողմն այս հարցում բարդույթավորված չէ, սակայն այս գործընթացը չի կարող լինել միակողմանի: Գաղնիք չէ, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն որևէ ջանք չեն գործադրում՝ իրենց հանրությանը նախապատրաստելու խաղաղության, այլև շարունակում են իրենց ռազմական հռետորաբանությունը՝ առաջնորդվելով «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով, ինչն, իհարկե, անընդունելի է և պետք է արժանանա համարժեք արձագանքի:

Բավական կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ արձանագրվեց ձևաչափի կարևորությունը, որը ծառայելու է ազգային կարևորագույն հարցերի քննարկմանը: Դա, անշուշտ, կնպաստի ազգային անվտանգությանը վերաբերող տարաբնույթ հարցերի հետ կապված միասնական տեսլականի ձևավորմանը և դրանց ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետության բարձրացմանը:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը մի կողմից ազդարարեց Հայաստանի և Արցախի ներքին ինտեգրմանն ուղղված նոր, կարևոր ձևաչափի ստեղծումը, մյուս կողմից՝ բարձրաձայնված թեզերի միջոցով նպաստեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարությունից հետո ստեղծված անորոշության հաղթահարմանը, ինչպես նաև Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Հայաստանի բանակացային դիրքորոշման հստակեցմանը:

Գրետա Ավետիսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]