Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հակամարտության կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը. Փաշինյանը վերահաստատում է իր մոտեցումները


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկելու արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածությունը՝ որպես հակամարտության հիմնական կողմ ապահովելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: «Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի,  մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:

Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունըս՝  ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: Այս ամենը, վարչապետի գնահատմամբ՝  իհարկե, լավ է ու չափազանց կարևոր.  «Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն,  լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություևններում:  Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ