ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Հրազդանի նախկին քաղաքապետին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին 179 հոդվածի 3-րդ մասի (յուրացում կամ վատնում) հատկանիշներով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ: Սույն գործով կա ևս 8 մեղադրյալ: Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- նշեց Հարությունյանը:
Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018 թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին ձերբակալվել էր Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը: Փետրվարի 28-ին Արամ Դանիելյանը ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել գույքի վրա դրված արգելանքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում