Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է. ՀՀ դեսպան Գրիգորյանի հարցազրույցը եգիպտական պարբերականին


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ալ-ահրամ ալ-արաբի» պարբերականին՝ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տրամադրած թարգմանությունը։

Հարց Ինչպե՞ս կնկարագրեք այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հայերի հետ 1915թ.։

Դեսպան Գրիգորյան․ 1915թ. Հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին մեծագույն ողբերգությունն էր։ Անշուշտ, 1915թ. ապրիլի 24-ը խորհրդանշական թվական է։ Այդ օրը Օսմանյան իշխանությունները, ըստ նախօրոք կազմված ցուցակների, Ստամբուլում ձերբակալեցին հայ ազգային քաղաքական գործիչների, մտավորականների, երևելի դեմքերի, ինչով սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը, որը շարունակվեց մինչև 1923թ.։ Օգտվելով 1-ին աշխարհամարտի հանգամանքից, Օսմանյան կառավարությունը ծրագրված կերպով իրականացրեց հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ այդ ոճիրն իրագործելու համար օգտագործելով ողջ պետական մեքենան։ Արդյունքում, հայ Ժողովուրդը կորցերց իր շուրջ 1,5 մլն զավակներին։ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էր ունենում Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը։ Անշուշտ, նշածս վերջին երկուսը չէին կրում նույն ծավալները զուտ այն պատճառով, որ հույն և ասորի բնակչության թիվը զիջում էր հայության թվին։ Մեր ժողովրդի զգալի հատվածը կտրվեց իր պատմական հայրենիքից, ուր բնակվել էր հազարամյակներ շարունակ։ Հայոց ցեղասպանության և դրան հաջորդող տարիներին կտրուկ ավելացավ հայերի թիվն արաբական մի շարք երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, և մենք երախտապարտ ենք այս երկրներին, որոնք մեր ժողովրդի համար ծանր պահին ընդունեցին և հայության բեկորներին հնարավորություն տվեցին հաստատվելու իրենց հողում։ Այսօր հայերը բնակվում են աշխարհի 5 մայրցամաքների շուրջ 100 երկրներում, ինչը հենց հայրենազկության հետևանք է։ Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածն արդեն վաղուց որակվել է որպես ցեղասպանություն։ 1944 թ․, երբ Ռաֆայել Լեմկինն ստեղծեց «ցեղասպանություն» (genocide) տերմինը, նա հիմք ընդունեց 1915թ. թվականի հայերի ոչնչացումը որպես հիմնարար օրինակ։

Հարց Ձեր կարծիքով, ի՞նչն է դրդում պետությանն այլ ազգի ցեղասպանության պատճառ դառնալ։

Դեսպան Գրիգորյան․ Ցանկացած բռնության դրսևորում, որը պայմանավորված է էթնիկական կամ կրոնական հանգամանքով, չունի որևէ արդարացում։ Զանգվածային ոչնչացումներ կամ տեղահանություններ իրականացնողներին, լինեն դրանք իշխանությունները թե այլ խմբավորումներ, առաջնորդում են մարդատյացության գաղափարները։ Արդյունքի հասնելու համար օգտագործվում են ամենաստոր միջոցները, այդ թվում՝ հասարակության շրջանում տարածելով ատելություն բռնություններին ենթակա ժողովրդի նկատմամբ, ընդգծելով մեկ էթնոսի կամ կրոնական խմբի առավելությունը մյուսի նկատմամբ։ Հայ ժողովրդի պարագայում, նույն շրջանում բնակվող «առաջին կարգի» համարվող ցեղախմբերին հնարավորություն էր տրվում անպատիժ բռնություն կիրառել «երկրորդ կարգի» ազգի նկատմամբ և տիրանալ զոհերի ունեցվածքին։

Ես ցանկանում եմ հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 1991թ. իր անկախության վերականգնումից ի վեր, հետևողական քայլեր է իրականացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ, հեղինակելով մի շարք փաստաթղթեր, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից։

Հարց․ Մինչ այժմ տարբեր հիմնավորումներով Թուրքիան չի ճանաչում այն, ինչ կատարել է հայերի նկատմամբ։ Որտե՞ղ է ճշմարտությունը։

Դեսպան Գրիգորյան․ Թուրքական ներկա իշխանությունները, ոչ միայն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև իրականացնում են դրա ժխտման քաղաքականությունը։ Հասկանալի է, որ ժամանակակից Թուրքիայի իշխանությունները, առավել ևս թուրք ժողովուրդի ներկա սերունդը Օսմանյան կառավարության հրեշավոր գործողությունների անմիջական պատասխանատուն չէ։ Սակայն ցեղասպանության ժխտումը, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերով թուրքական իշխանությունները հավանություն են տալիս իրենց նախորդների կատարած հանցագործությանը, ինչը հանդիսանում է հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսում։ Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ համարելով, որ դրա ընդունումը և դատապարտումը նպաստելու են նման հանցագործությունների կանխարգելմանը։ Հայոց ցեղասպանության ընդունումը և դատապարտումն ի սկզբանէ քաղաքականացվել է հենց Թուրքիայի կողմից։ Թուրքական իշխանությունները շարունակաբար փորձել են ճնշումներ գործադրել այն երկրների ուղղությամբ, որոնք համարձակություն են ունեցել ճշգրիտ գնահատական տալ այդ իրադարձություններին։ Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 4 տասնյակ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Բազմաթիվ երկրների նահանգային իշխանություններ նույնպես ճանաչել են ցեղասպանությունը, օրինակ ԱՄՆ 43 նահանգ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր։ Նույն կերպ վարվել են Բրազիլիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Կանադայի և մի շարք այլ երկրների նահանգային կամ քաղաքային խորհուրդներ։

Մենք չափազանց բարձր ենք գնահատում Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ ալ-Սիսիի ազնիվ քայլը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության խնդրին անդրադարձ կատարելու կապակցությամբ։ Շատերը հարց են բարձրացնում, թե ինչպե՞ս 104 տարվա ընթացքում այսչափ սահմանափակ երկրներ են ճանաչել ցեղասպանությունը։ Պետք է նշեմ, որ Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանն ունեցավ ընդամենը 2 տարվա անկախություն, այնուհետև 1920թ. ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում, չունենալով ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն։ Իսկ Խորհրդային Միության համար ցեղասպանության արծարծումը արգելված նյութ էր։ Միայն 1965թ. Հայաստանում և հայկական Սփյուռքում ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ բարձրացավ հզոր ազգային շարժում և սկսվեց բացահայտ խոսվել այս հանցագործության մասին։ Բայց միևնույնն է, Խորհրդային Միությունը պետական մակարդակով հրաժարվում էր արծարծել հարցը, հետևաբար ճանաչման ու դատապարտման աշխատանքների ողջ բեռն ընկնում էր Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ուսերին, որոնք այդ նպատակին հասնելու համար հանդիպում էին լուրջ դժվարությունների։ Միայն 1991թ. հետո Հայաստանը, վերականգնելով իր անկախությունը, հնարավորություն ստացավ պետական մակարդակով ներկայացնել խնդիրը։

Հարց Ո՞րն է ողջ ազգ ոչնչացնելու Թուրքիայի կառավարության իրական նպատակը։

Դեսպան Գրիգորյան․ Խնդրում եմ առանձնացնել Թուրքիայի ներկա կառավարությունը Օսմանյան կամ երիտթուրքական իշխանություններից։ Երիտթուրքերը որդեգրել էին հպատակ ժողովուրդների թուրքացման քաղաքականություն։ Սա մեծապես հարվածում էր երկրի ազգային և կրոնական այլ հատվածների իրավունքներին։ Ի դեպ, նույն քաղաքականությունն էր վարվում նաև արաբների և իսլամ դավանող ոչ թուրք այլ ազգերի նկատմամբ։ Հայության պարագայում այն կրում էր նաև հայաթափման, սեփական բնօրրան երկրից այդ ժողովրդին վերացնելու քաղաքականություն։ Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ հարմար առիթ ոճրագործական ծրագրերի իրականացման համար։ 1915թ. ապրիլի 15-ին ներքին գործերի նախարար Թալեաթի, ռազմական նախարար էնվերի և Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Նազըմի ստորագրությամբ գավառներ ուղարկվեցին գաղտնի հրահանգներ հայության բնաջնջումն ու տեղահանումներն իրականացնելու վերաբերյալ։ Իսկ 1915թ. մայիսին Օսմանյան կառավարության կողմից ընդունված «Տեղահանման մասին» օրենքն իրավական հիմք էր ստեղծում այդ գործողություններն իրականացնելու համար։ Արդյունքում, Օսմանյան կառավարությունը, ոչնչացնելով մի ողջ ժողովուրդ, ազատվում էր իր համար խիստ անցանկալի միջազգային պայմանագրերով ամրագրված հայկական հարցի լուծումից։

Հարց․ Կարո՞ղ ենք համարել, որ այն ինչ թուրքերն իրականացրել են հայերի նկատմամբ, սև կետ է իրենց պատմության մեջ։

Դեսպան Գրիգորյան․ Ինչ տեղի ունեցավ հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայում, սև բիծ է ողջ մարդկության պատմության մեջ։ Այդ բիծը մաքրելու միակ ճանապարհը սեփական պատմության հետ առերեսվելն ու ապաշխարելն է։

Հարց․ Կգա արդյո՞ք այն օրը, որ թուրքերը ճանաչեն կամ ընդունեն ցեղասպանությունը։

Դեսպան Գրիգորյան․ Մենք վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է։ Թուրքական հասարակության մեջ բազմաթիվ երևելի մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ բացահայտ խոսում են իրենց նախնիների գործած ոճրի մասին։ Անշուշտ, այս մտածողության կրողները փոքրամասնություն են կազմում, և թուրքական հասարակության զգալի հատվածը հակված է ցեղասպանության փաստը մերժելուն։ Սակայն, նորից եմ կրկնում, դրա ճանաչումն անխուսափելի է և նպաստելու է հասարակության առողջացմանը։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ