Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է. 

«Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք․ Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին և հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից էր, այլև, որպես Պոլսո հայոց 84–րդ պատրիարք, Հայաստանից դուրս գտնվող մեր հոգևոր սյուներից մեկը, որի վրա հենվում էր մի ողջ ստվարաթիվ համայնք՝ իր լեզվապահպանության ու հավատապահպանության խնդիրներով:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը քրիստոնեական հավատքի նվիրյալ էր, ով հոգևոր հանձնառությունը վերածեց սրբազան պարտքի առ ժողովուրդ և առ Աստված: Նա պոլսահայ համայնքի նոր պատմության անբաժանելի մասն էր: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Պոլսո Հայոց պատրիարքարանում, Հայաստանում և արտերկրում, մեր զրույցները հայոց եկեղեցու և մեր պատմության շուրջ:

Այս ծանր կորստի կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, միաբանությանը, կրոնական ժողովին, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամներին և համայն Թուրքիայի հայությանը: Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում նաև Մեսրոպ արք․ Մութաֆյանի հարազատներին ու մերձավորներին»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]