Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկական կողմի, ՀՀ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն անարձագանք են մնում ադրբեջանական կողմից. ՀՀ ԱԳՆ խոսնակ

 Հայկական կողմի, ՀՀ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն 
անարձագանք են մնում ադրբեջանական կողմից. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում առաջնահերթություններ են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ:

«Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ:

Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների:

Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման:

Նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը:  Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ:

Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»,-նշում է Նաղդալյանն իր մեկնաբանության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]