Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում մարտի 1-ին տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ Արցախի ոստիկանության քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը:

Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 1996թ. ծնված Ա.Լ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 1987թ. ծնված Բ.Ա-ին և 1982թ. ծնված Մ.Բ.-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Ա. Լ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել էին Արցախի իշխանություններին` արտահայտելով իրենց մտահոգությունները՝ կապված օրերս գյուղում տեղի ունեցած վեճի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի և շարունակում է նոր ընթացք ստանալ: «Արցախի հարգելի՛ իշխանություններ, Մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում մի խումբ երիտասարդների կողմից տեղի ունեցած ծեծկռտուքը մտահոգություն է առաջացրել համայնքի բնակչության շրջանում: Ապրանք առաքող ավտոմեքենայից գյուղի տարածքում թափված կոնֆետի թղթերի պատճառով ծագած վեճը հավակնում է դառնալ մեծն Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությունը, քանի որ հանգուցալուծման փոխարեն այն շարունակում է բորբոքվել՝ հանդիսանալով նոր ծեծկռտուքների ու վեճերի պատճառ: Ուստի, դիմում ենք պատկան մարմիններին, բանիմաց ու մտահոգ մեր քաղաքացիներին միջոցներ ձեռնարկելու և լուծելու այդ խնդիրը, քանի դեռ այն անդառնալի հետևանքների չի հանգեցրել: Հաշվի առնելով, որ միջադեպը ծագել է մեր համայնքում՝ հայցում ենք բոլորի ներողամտությունը և կոչ անում սեր ու հանդուրժողականություն ցուցաբերել՝ հորդորելով միմյանց մեջ թշնամիներ չորոնել: Մեր թշնամին մեկն է, և նա կանգնած է սահմանի մյուս կողմում: Հարգանքով՝ Դրմբոն համայնքի մի խումբ բնակիչներ»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ