Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր Հայաստանում կանայք պետք է քաղաքական և տնտեսական առումով ակտիվ լինեն. Փաշինյանը Հանրապետության հրապարակում շնորհավորեց կանանց

Նոր Հայաստանում կանայք պետք է քաղաքական և տնտեսական առումով ակտիվ լինեն.  
Փաշինյանը Հանրապետության հրապարակում շնորհավորեց կանանց

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ի իր աշխատանքային օրն ավարտեց մի փոքր շուտ` անձամբ շնորհավորելու համար կանանց և աղջիկներին տոնի առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը շրջեց Հանրապետության հրապարակով, ծաղիկներ նվիրեց անցորդ կանանց և աղջիկներին ու հրավիրեց նրանց Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված քննարկման:

«Այսօր աշխատանքային օրը մի քիչ շուտ ենք ավարտում, որպեսզի մեր կանանց, մեր քույրերին անձամբ շնորհավորենք մարտի 8-ի առիթով, և նաև նրանց հետ որոշակի քննարկում ունենանք մարտի 8-ի խորհրդի մասին: Մարտի 8-ը միայն ծաղիկներ չեն: Ինձ համար շատ կարևոր է արձանագրել, որ մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության օրն է»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունը կանանց իրավունքների պաշտպանության առումով շատ առաջադեմ պետություն է, քանի որ դեռ 1918 թվականին Հայաստանում կանայք արդեն ընտրելու իրավունք են ունեցել, մինչդեռ օրինակ Ֆրանսիայում, Հունգարիայում և մի շարք այլ երկրներում 40-ականներից  հետո են կանայք ընտրելու իրավունք ստացել:

Մոտ 40 րոպե Հանրապետության հրապարակում քաղաքացիների հետ շփվելուց հետո, Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ իր նախնական  մտահաղացումը՝ քննարկել կանանց իրավունքների հետ կապված հարցերը, վերածվեց սելֆիի, սակայն ընդգծեց, որ հարցը բարձրացված է և բաց:

«Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր։ Եվ, իսկապես, կանանց քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց, որ Հայաստանում իսկապես դարակազմիկ փոփոխություններ տեղի ունենան: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով ակտիվ լինեն, և նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Դա առաջին հերթին մթնոլորտ է, և այդ մթնոլորտը կա»,- նշեց վարչապետը:

Նա իր ընտանիքի օրինակով հույս հայտնեց, որ Հայաստանում միշտ էլ կլինեն բազմազավակ, ամուր և, միևնույն ժամանակ, հանրային իմաստով ակտիվ ընտանիքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]