Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համաժողով և համերգային երեկո է անցկացվել Կալիֆոռնիայում


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ մարտի 6-ին Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով է անցկացվել: Առաջին հատվածում բանախոսներն անդրադարձել են «Տիգրան Մանսուրյանը և հայկական երաժշտական ավանդույթը», իսկ երկրորդ հատվածում` «Արևելք և արևմուտք. հատման կետի որոնում» թեմաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի բանախոսներն են եղել  դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Ավանեսովը, դիրիժոր Վաչե Պարսումյանը, Էթնոերաժշտագետ Էյ Ջեյ Ռեյսին, կոմպոզիտոր Յան Քրաուսը, Սիեթըլի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական տնօրեն Ելենա Դուբինեցը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից Լիսա Քուփեր Վեսթը:

Համաժողովին հաջորդած համերգային ծրագրի շրջանակում ողջույնի խոսքով հանդես է եկել UCLA-ի հայ երաժշտության ծրագրի տնօրեն, ջութակահար Մովսես Պողոսյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Տեսանյութի միջոցով ներկաներին ողջունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Բարի տարեդարձ, մաեստրո՛։ Դուք մի աստղ եք հայ երաժշտության երկնքում, մի աստղ եք համաշխարհային մշակույթի երկնակամարում»,-նշել է նախագահը:

Համերգին հայ և օտարազգի առաջատար երաժիշտները կատարել են Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունները

Հայտարարվել է «Լարք» երաժշտական ընկերակցության և UCLA-ի հայ երաժշտության ծրագրի  «Մանսուրյան» ամենամյա մրցանակի անցկացման մասին:  2020 թվականից սկսած մրցանակը կշնորհվի ամեն տարի: Առաջին տարվա մրցանակակրի անունը կհայտարարվի Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվար 27-ին: Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ: Պարտադիր չէ, որ նրանք լինեն ազգությամբ հայ, սակայն խրախուսվում է նրանց ստեղծագործություններում հայկական երաժշտության ազդեցությունը:

Հաղթած հեղինակի ստեղծագործությունը կկատարվի հրապարակային համերգի ընթացքում և տեղի կունենա մասնագիտական արհեստավարժ ձայնագրություն։

Նվիրատուները Էլիզաբեթ-Յուսթուս Շլիխթինգներն են։ 

Երեկոյի ավարտին շնորհակալության խոսքով Երևանից ուղիղ կապով միացել է  հոբելյարը՝ Տիգրան Մանսուրյանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ